Օգոստոսին Ադրբեջանում մահացած Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հարազատների շահերի ներկայացուցիչ իրավապաշտանները միջնորդություն են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով արագացնել Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանից Հայաստան ուղարկելը: Դիմումի մասին Epress.am֊ին պատմել է իրավաբան Արա Ղազարյանը․
«Սա բուն դիմումը չէ, այլ միջնորդություն է, որի բավարարվելու դեպքում մենք կարող ենք հիմնական դիմումը պատրաստել: Մենք խնդրում ենք, որպեսզի Եվրոպական դատարանը միջնորդի ադրբեջանական կողմին Պետրոսյանի դիակը նրա ընտանիքին ուղարկելն արագացնելու հարցով, քանի որ դա ընտանիքի անդամի կյանքի իրավունքի խախտում է: Բացի դա, դիակը ուղարկել ձգձգելը կարող է հանգեցնել նրան, որ նրա մահվան պատճառը հայտնաբերելու հնարավորությունը վերանա: Ի պատիվ ՄԻԵԴ-ի՝ դատարանը կոմունիկացրել է հայկական կողմի միջնորդությունը», – ասել է Արա Ղազարյանը:
Իրավաբանը նաև բացատրել է, որ, ՄԻԵԴ-ի օրենքների համաձայն, ցանկացած երկրի քաղաքացի կարող է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ ցանկացած երկրի դեմ, եթե համարում է, որ այդ երկիրը խախտել է կոնվենցիայի որևէ նորմ:
Ըստ միջազգային մարդասիրական իրավունքի՝ գերության մեջ մահացածների աճյունները պետք է հայրենիք վերադարձվեն առանց որևէ նախապայմանների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ադրբեջանի վարչապետի տեղակալ, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին փոխանակության գնալ, մասնավորապես, պատրաստակամություն հայտնելով վերադարձնել հինգ անդամներից կազմված հայկական ընտանիքը և մահացած Կարեն Պետրոսյանի դին՝ Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասքերովի, ինչպես նաև Հասան Հասանովի դիակի դիմաց։ Հասանովը նաև ասել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը առաջարկը փոխանցել է հայկական կողմին, հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է հայկական ընտանիքը և Պետրոսյանի աճյունը ստանալ միայն Հասանովի աճյունի դիմաց։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Հասանովի հայտարարության վերաբերյալ ասել էր․ «Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»։
Հովհաննիսյանը Հասանովի հայտարարությունը «գռեհիկ ապատեղեկատվություն» էր որակել։
Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին և մահացել էր 1 օր անց։ Ադրբեջանի ՊՆ֊ի պնդմամբ՝ Պետրոսյանը դիվերսանտ էր և նրա մահը վրա էր հասել սրտի անբավարարության պատճառով։ Հայաստանի ՊՆ֊ն հայտարարել է, որ Պետրոսյանը զինծառայող չի եղել, իսկ նրա հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։
Հայաստանյան ԶԼՄ֊ները օպերատիվ կերպով ապացույցներ են ներկայացրել, որ Պետրոսյանին ադրբեջանական գեներալի մոտ բերելուց և ծնկի իջեցնելուց առաջ զինվորական շորեր են հագցրել և որ սահմանն անցնելուց նա նման հագուստով չի եղել։
Հուլիս ամսին ԼՂՀ֊ի Քարվաճառի (Քելբաջար) շրջանում իրավապահները ձերբակալել էին Դիլգամ Ասքերովին՝ համապատասխան տեսանյութ տարածելով։ Հայաստանյան մամուլում նրան դիվերսիոն խմբի ղեկավար են անվանել։
Դիլգամ Ասքերովից առաջ ձերբակալվել էր նաև Շահբազ Գուլիևը, իսկ Հասան Հասանովը սպանվել էր։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները և սպանվածը երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։