ՀՀ Ոստիկանությունը վերջին տասն օրերին չի ստացել որևէ հաղորդում անձի կորած լինելու մասին, սակայն այժմ ուսումնասիրում է Հայաստանից Ադրբեջան անցած 53-ամյա Սարգիս Անանյանի մասին ադրբեջանական մամուլի հրապարակումները և այլ տիպի քննչական աշխատանքներ է կատարում։ Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Epress.am-ին ասել է, որ չի տիրապետում տեղեկատվության՝ ինչպես է Անանյանը անցել սահմանը, ուստի որևէ մեկնաբանություն չի կարող տալ, մանավանդ, որ Անանյանը քաղաքացիական անձ է, ոչ թե զինվորական։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Ադրբեջանական ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի քաղաքացի՝ 53-ամյա Սարգիս Անանյանը, օգոստոսի 26-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը։ Համաձայն Ադրբեջանի ՊՆ-ի, Անանյանը դժգոհ է Հայաստանում առկա սոցիալական-տնտեսական վիճակից և պատրաստվում է ապաստան խնդրել Ադրբեջանից։