ԱԺ-ում իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացատրել է՝ ինչու է ՀՀԿ-ն երեկ բոյկոտել ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը, որը վերաբերում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքին:
Բաղդասարյանն ասել է, որ նախապես կար պայմանավորվածություն, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ քննարկումներ պետք է արվեն, իսկ ոչ իշխանականները, ըստ Բաղդասարյանի, ցանկացել են միայն խոսակցություններ և դիվիդենտներ, ուստի առանց ՀՀԿ-ի հետ նախապես պայմանավորվելու սկսել են ստորագրահավաք անել արտահերթ նիստը հրավիրելու համար:
Այս մեղադրանքին պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Վերջինիս խոսքով՝ քննարկումների պայմանավորվածությունը չի հակասել արտահերթ նիստ հրավիրելուն:
ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանն էլ նկատել է, որ եթե ՀՀԿ-ն իրոք ցանկանում էր քննարկում կազմակերպել, ապա կարող էր գալ արտահերթ նիստին:
ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ խոսել է առևտրականների օգտին: Նա ասել է, թե իմաստ չունի երկար֊բարակ քննարկել, կարելի է «հենց հիմա քվեարկել և տղամարդավարի հանել այդ օրենքը»:
«Պարոն նախագահ, եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Եկեք, ոնց կա նենց թողենք, մարդիկ գնան աշխատեն: Սաղի մտքին կա, բայց չենք անում, սաղս նստած ենք, եկեք տղամարդավարի քվեարկենք, պրծնենք», ֊ ասել է Սարոյանը։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ֊ն, որն այսօր կանգնել է օրենքից բողոքող ձեռներեցների կողքին, հուլիս ամսին քվեարկել է օրենքի օգտին։ Շարմազանովն անգամ պատրաստակամություն է հայտնել ցույց տալ քվեարկության արձանագրությունները։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդմիջմանը հրավիրել է բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչներին իր սենյակ օրենքի հետ կապված հարցը քննարկելու համար։
Նշենք, որ երեկ արտահերթ նիստի մեկնարկին ներկա է եղել 37 պատգամավոր, և քվորում (66 մարդ) չլինելու պատճառով այն չի կայացել։ Բացի ՀՀԿ֊ականներից, նիստից բացակայել է նաև 14 ԲՀԿ֊ական պատգամավոր։