Թուրքիայում կառավարության հասցեին քննադատորեն արտահայտվող հրապարակախոսներ՝ «Թարաֆ» օրաթերթում հոդվածներ հրատարակող Մուրադ Բելգեն (լուսանկարում՝ ձախից) ու «Ջումհյուրիեթ» թերթի լրագրող Այդըն Էնգինը (աջից) սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ, հաղորդում է «Թարաֆ»֊ը։
Մտավորականներին սպառնացող վտանգի մասին հայտնի է դարձել երկուշաբթի T24 լրատվական գործակալության խմբագրության գրասենյակի դիմաց թողնված անանուն նամակից, որում, մասնավորապես, նշված է եղել, որ Բելգեի ու Էնգինի վերաբերյալ «որոշումն արդեն ընդունված է»։ Նամակագրի համաձայն՝ սպանություններն իրականացնելու պատրաստ մարդիկ արդեն ընտրված են ու մնում է որոշել սպանության օրը։
Միևնույն ժամանակ նախազգուշացնող նամակ ուղարկած անձն ընդգծում է, որ ինքը, որպես հայրենասեր, գտնում է, որ նման քայլի դիմելը սխալ է։
«Թարաֆ»֊ի հետ զրույցում Բելգեն ասել է, որ սպառնալիքն ուղղված է կառավարության հասցեին քննադատորեն արտահայտվող լրագրողների դեմ։ «Չեմ կարծում՝ վտանգը գալիս է ազգայնական կամ ֆաշիստական խմբերից։ Ես կառավարությանը քննադատող հոդվածներ սկսել եմ գրել Գեզի այգու բողոքներից ի վեր։ Կարծում եմ՝ նրանք փորձում են ճնշել լրագրողներին ու վերջ դնել քննադատական նյութերի հրապարակմանը։ Սա է նման սպառնալիքների պատճառը»,֊ ասել է նա։
«Ջիհան» լրատվական գործակալության հետ զրույցում Այդըն Էնգինը նշել է, որ նամակին պետք է լուրջ վերաբերվել։ Նրա խոսքով՝ ինքն արդեն բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով բացահայտել ենթադրյալ սպառնալիքի հեղինակներին։ Էնգինը նաև պահանջել է, որպեսզի դատախազությունն իրեն թիկնապահներ տրամադրի։
Թուրքիայի լրագրողների միության՝ «Մամուլը հանուն ազատության» նախագծի ղեկավար Յուսուֆ Քանլըն todayszaman.com-ի հետ զրույցում դատապարտել է մահվան սպառնալիքներն ու ասել, որ կառավարությունը պետք է ամեն կերպ պաշտպանի վտանգված լրագրողներին։
Նշենք, որ կառավարության ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատորեն արտահայտվելուց բացի, Բելգեն ու Էնգինը նաև այն անձանց թվում են, ովքեր ստորագրել են հայերի նկատմամբ ատելություն քարոզող և խտրականություն պարունակող պատմության դասագրքերը գործածությունից հանելու վերաբերյալ պահանջ֊հայտարարության տակ։
Թուրքահայ լրագրող Հայկո Բաղդատը նույնպես քննադատորեն է խոսել սպառնալիքների մասին՝ հայտարարելով․ «Նման սպառնալիքներն ու հետապնդումները մտավորականների համար նորություն չեն։ Շատ մտավորականներ ու լրագրողներ սպառնալիքներ էին ստանում դեռևս [թուրքահայ լրագրող Հրանտ] Դինքի սպանության օրոք։ Այդ ժամանակ ես ու մի շարք այլ լրագրողներ նախազգուշացրինք, որ Դինքի սպանությունը սպառնալիք էր ողջ հասարակության համար, ոչ միայն հայերի։ Դինքի սպանության հետ ենթադրյալ կապ ունեցող պետական պաշտոնյաները որևէ պատժի չենթարկվեցին, փոխարենը՝ պաշտոնի բարձրացում ստացան։ Երկրում արմատացած ապօրինի կառույցները մշտապես խրախուսվում են։ Մոտենում է Հայոց ցեղասպանության 100֊ամյակը։ Տարեդարձին ընդառաջ՝ այս կառույցները կարող են ակտիվանալ»։