Թուրքիայի ավելի քան 20 նահանգներում ոստիկանների ու քուրդ ցուցարարների միջև շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 22֊ի, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել շուրջ 150, բերման ենթարկվել՝ ավելի քան 370 մարդ, հաղորդում են թուրքական ԶԼՄ֊ները։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի բնակչությանը կոչ է արել դադարեցնել անկարգություններն ու բողոքի ցույցերը։ Վարչապետը հայտարարել է, որ երկրի ուժային կառույցները հրաման են ստացել ու կանեն ամեն ինչ՝ հանրային կարգը վերականգնելու համար։
Դավութօղլուն նաև դիմել է միջազգային հանրությանն ու կոչ արել միջոցներ ձեռնարկել քրդաբնակ սիրիական Քոբանի քաղաքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Նրանք, ովքեր լռեցին Սիրիայում քիմիական զենք կիրառելուց, «սկադերով» ու ավիառումբերով գնդակոծություններից հետո, այժմ փորձում են միջազգային հանրությանը համոզել, որ Թուրքիան պետք է կարգավորի իրավիճակը Քոբանիում։ Դա, սակայն, ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի ու դրա հինգ մշտական անդամների պատասխանատվությունն է»,֊ հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7֊ին սկսած բողոքի ցույցերի մասնակիցների մեծ մասը Թուրքիայի քրդերն են։ Բողոքի պատճառը սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերն են, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակվել են քուրդ բնակչության վրա։
Ցուցարարները բողոքում են պաշտոնական Անկարայի անգործության դեմ, որն ամրապնդել է սահմանի պաշտպանությունը, սակայն ընդունել է սպասողական դիրք ու չի միջամտում Քոբանի քաղաքում տեղի ունեցող հակամարտությանը։