Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը նոր զարկ կտա Հայաստանի տնտեսությանը։ Այս մասին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:
Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը Հայաստանի՝ ՌԴ֊ի կողմից նախաձեռնած ԵՏՄ֊ին միանալու ցանկության մասին հայտնել է 2013 սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո։ Մինչ դա, Հայաստանը 3 տարուց ավելի նախապատրաստվում էր ԵՄ֊ի հետ Ասոցացման պայմանգիրը ստորագրելու համար։