Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար Եվրո-2016-ի ընտրական փուլի երկրորդ հանդիպումը չափազանց մեծ կարևորություն էր ձեռք բերել: Մեկնարկային խաղում Դանիայից կրած պարտությունից հետո երկրորդ անհաջողությունը կարող էր ճակատագրական լինել հայաստանցիների համար՝ հաշվի առնելով խմբում ընդգրկված թիմերի ներուժը:
Ուժեղ մրցակցի հետ կարևորագույն խաղին, սակայն, Հայաստանի ընտրանին մոտեցել էր բազմաթիվ կադրային խնդիրներով: Առանց 4 առաջատարների հայաստանցիների կազմի կեսը ներկայացնում էին «Փյունիկի» և ղազախստանյան «Ակտոբեի» ֆուտբոլիստները, մինչդեռ սերբերի կազմում 6 խաղացող ներկայացնում էին անգլիական պրեմիեր-լիգան: Այս ամենը հաշվի առնելով՝ խաղից առաջ 1 միավորը կարելի էր հաջողություն համարել Հայաստանի հավաքականի համար, սակայն հանդիպումից հետո վստահ կարելի էր ասել, որ թիմը 2 միավոր կորցրեց:
Սերբերը
Սերբիայի հավաքականը, որն իր առաջին ընտրական հանդիպումն էր անցկացնում, նախորդ ամսին Ֆրանսիայի հետ ընկերական խաղում ապացուցել էր, որ ֆուտբոլ խաղալ գիտի: Հայաստանցիների խնդիրներն էլ ավելի մեծ վստահություն էին ներշնչել նրանց. ուսումնսիրելով Հայաստանի հավաքականի խաղը՝ սերբերը գտել էին թույլ կողմը, այն է՝ ստանդարտների ժամանակ խաղը երկրորդ հարկում: Մեկնարկում սերբերի ստանդարտները, ինչպես նաև տուգանային հրապարակ կատարվող փոխանցումները, իրոք, վտանգավոր էին: Սակայն արդեն առաջին խաղակեսի միջնամասում հայաստանցիները ընտելացան նման խաղաոճին, ու կարողացան խաղը հեռացենել սեփական դարպասից: Ռոման Բերեզովսկու 2-3 սեյվերը էլ ավելի մեծ վստահություն ներշնչեցին դաշտի տերերին: Երբ սերբերը 1-ին կեսում վնասվածքի պատճառով կորցրեցին հարձակվողական ոճի կիսապաշտպան Լազար Մարկովիչին, ով բավական ակտիվ էր մասնակցում գրոհների կազմակերպմանը, պարզվեց, որ հյուրերի մարզիչ Դիկ Ադվոկաատը «Բ» ծրագիր չունի: Բացի պարզունակ փոխանցումներից տուգանային հրապարակ, սերբերը այլ տարբերակներ չէին կարողանում գտնել: Ու թեև հյուրերը 1-2 պահ ստեղծեցին, հայաստանցիները հիմնականում հաջող էին պաշտպանվում: Հանդիպման վերջում կարելի էր ակնկալել, որ սերբերը կարող են տեմպը բարձրացնել և խնդիրներ ստեղծել հայաստանցիների համար, բայց անգամ դա տեղի չունեցավ: Տպավորություն ստեղծվեց, որ սերբերի հավաքականը եկել էր հեշտ երեք միավոր վաստակելու ու Ալբանիայի հետ հաջորդ խաղին պատրաստվելու, սակայն այդ ծրագիրը ձախողվեց:
Հայաստանցիները
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը հոկտեմբերի 10-ին իրենց կարիերայում լավագույն խաղերից մեկն անցկացրեցին: Առաջին հերթին, իրեն հիանալի դրսևորեց պաշտպանության եռյակը՝ Ռոբերտ Արզումանյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, և Ռոման Բերեզովսկին: Հատկապես աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը, ով իսկական առաջատարի դերում հանդես եկավ: Նա հիանալի կազմակերպեց պաշտպանությունը, բացի դա, դարձավ գոլի հեղինակ, որը կարող էր հաղթական դառնալ: Արդեն խաղից հետո Արզումանյանը լրագրողներին ասաց, որ մեծ էր ֆուտբոլիստների ցանկությունն ապացուցել, որ իրենք ունակ են խաղալ նաև նման բարդ իրավիճակներում, առանց առաջատարների: Այդ ցանկությունը ուղղակի ֆենոմենալ դեր խաղաց. դաշտի տերերի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պայքարում էր ամեն մետրի համար, խաղացողները ներդնում էին ողջ ուժը: Շատ կարևոր էր պաշտպանության հաջող խաղը. արդեն երրորդ խաղում անընդմեջ հայաստանցիները խաղում էին 3 կենտրոնական, իսկ ընդհանուր առմամբ՝ 5 պաշտպանով, ու սերբերի դեմ խաղում շատ ավելի լավ էր ստացվում, քան նախորդ երկու հանդիպումներում: Հարկ է նշել նաև Արթուր Սարկիսովի և Մարկոսի դերը. նրանք մեծ ծավալի աշխատանք կատարեցին՝ անընդհատ ճնշման տակ պահելով մրցակցի պաշտաններին, ովքեր ունակ էին միանալ գրոհներին, բայց չէին կարողանում դա հաճախակի անել Հայաստանի առջևի գծի ֆուտբոլիստների խաղի պատճառով: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ լրջորեն ուժեղացրեցին խաղը Բերնար Շալանդի կողմից երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտած ֆուտբոլիստները: Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Դաշյանը ներդաշնակ մտան թիմի համակարգի մեջ՝ ուժեղացնելով դաշտի տերերի խաղը կիսապաշտպանությունում:
Գոլերը և չիրացված 11-մետրանոցը
Հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում հայաստանցիների վստահությունն էլ ավելի մեծացավ, իսկ Ռոբերտ Արզումանյանի խփած գնդակն էլ ավելի մեծ ուժ հաղորդեց նրանց: Հետաքրքիր է, որ գոլը կազմակերպեցին երկու կենտրոնական պաշտպանները. երկրորդ տեմպով գրոհի վերջնամասում ձախ եզրով անցում և իդեալական փոխանցում տուգանային հրապարակ կատարեց Տարոն Ոսկանյանը, իսկ Արզումանյանը ժամանակին վերադասավորեց մարմինը ու գլխի հարվածով գրավեց սերբերի դարպասը:
Գոլին հաջորդած 10 րոպեները հայաստանցիները հատուկ ոգևորությամբ խաղացին ու 83-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացան: Հիանալի հանդիպում անցկացրած Մարկոսը չիրացրեց այն, դարպասապահ Վլադիմիր Ստոյկովիչ հետ մղեց ինչպես առաջին, այնպես էլ դրան հետևած հաջորդ հարվածը: Պատիժը վրա հասավ 89-րդ րոպեին, երբ հենակետային գոտում գնդակին տիրեց Զորան Տոշիչը ու գրավեց Բերեզովսկու դարպասի աջ վերևի անկյունը:
Կորցրած հաղթանակը կարելի է ցավալի համարել, սակայն առաջին անգամ Բերնար Շալանդի օրոք հայաստանցիները որակյալ ու կազմակերպված ֆուտբոլ խաղացին բոլոր գծերում, և այս ոչ-ոքին հույսեր է արթնացնում, որ Հայաստանի ընտրանին դեռ կպայքարի Եվրո-2016-ի ուղեգրի համար:
Լուսանկարը՝ Մարինա Մկրտչյան/Armfootball.com