ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է Ադրբեջանում մեկ տարի գերության մեջ անցկացրած ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին։
Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես Ինջիղուլյանի՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։
Իր ցուցմունքում Ինջիղուլյանը, մասնավորպես, նշել է, որ հակառակորդի տարածքում հայտնվել է մոլորվելու հետևանքով։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, զինծառայողը պատմել է, որ դեպքի օրը (2013 թվականի օգոստոսի 7-ին) ժամը 20:00-ի սահմաններում գնացել է դասակի դիրք` ջուր բերելու համար:
«Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով` նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ:
Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ:
Նույն պահին նշված մարդկանցից ամենաերիտասարդը, դանակը դնելով իր պարանոցի շրջանին, սպառնացել է, որից հետո բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ: Քիչ անց ժամանել է հակառակորդի՝ թվով չորս զինվորական, ովքեր աչքերը փակել են անթափանց կտորով, իրեն նստեցրել «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշն ինքը չի տեսել, և մոտ 30 րոպե երթևեկելուց հետո մի ամայի դաշտում կանգնեցրել են ավտոմեքենան, դուրս հանել և տապալելով գետնին, ոտքերով ու ձեռքերով դաժան ծեծի ենթարկել իրեն, որից հետո «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով այնտեղ եկել է զինվորական համազգեստով մի տղամարդ:
Այնուհետև նրանք նույն կտորով կրկին կապել են իր աչքերը և նստեցրել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո հարթ ճանապարհով մոտ 20 րոպե երթևեկելով՝ հասել են երկհարկանի մի շինություն։
Ադրբեջանցի գեներալի աշխատասենյակում ենթասպա կոչումով, զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն լեզվով հայ զինծառայողին հարցուփորձ է արել։ Համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին, նախապես կապած աչքերով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարել են հակառակորդի մարտական դիտակետերից մեկը և առաջարկել ցույց տալ, թե որտեղով է անցել, սակայն ինքը ոչինչ չի հայտնել, քանի որ անցնելու պահին մութ էր և ոչինչ չի տեսել:
Դրանից հետո Ինջիղուլյանին նույն ավտոմեքենայով տեղափոխել են գեներալ Օսմանովի շտաբ, որտեղից էլ՝ Բաքվի ռազմագաղութ, որտեղ նրա նկատմամբ պարբերաբար կիրառվել են ֆիզիկական բռնություններ, հատկապես` հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու սպառնալիքներով ստիպել է հայ զինծառայողին հարցազրույցների ժամանակ հայտնել այն ամենը, ինչ նրանք կցանկանան։
Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը», ֊ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության հարցաքննության ժամանակ ասել է Ինջիղուլյանը:
Քննչական կոմիտեն նաև ընդգծում է, որ ռազմագաղութում հայ զինծառայողը մնացել է շուրջ մեկ տարի և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված` երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո:
Պաշտոնական աղբյուրի համաձայն, Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում` զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում` իրականացնելով մարտական հերթապահություն։