Ոչ իշխանական եռյակն իր հաջորդ հանրահավաքը կանցկացնի հոկտեմբերի 24-ին։ Այս մասին այսօր Եռյակի հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա նիստի մասնակիցները գնահատել են հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը և եզրակացրել, որ այն իր ծավալով հավասարվում է 1988-ից ի վեր ամենամարդաշատ հանրահավաքի հետ:
«Սա ես համարում եմ քաղաքական լանդշաֆտի ցնցում, որը շատ արագ ունենալու է լրջագույն արդյունքներ: Բոլորն այն կարծիքին են, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մեջ: Ժողովուրդը համբերություն չունի սպասելու»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը լինելու է միասնական ծրագրի և միասնական քայլերի հանրահավաք: