Հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպած ուժերը ՀՀ քաղաքացուն երկրորդական դեր են տալիս, «զսպում նրան» և Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկում սակարկումներ: Նման եզրակացություն անելով հանրահավաքի ելույթներից՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հայտարարել է, որ այդ մոտեցմանը դեմ է: «Քաղաքացիական պայմանագիրն» առաջնային է համարում հանրային-քաղաքական նոր օրակարգի և այդ օրակարգի շուրջ քաղաքական նոր հարթակի ձևավորում, որտեղ միավորումը չի հավակնի լինել որոշողը կամ առաջնորդը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ոչ իշխանական ուժերը իշխանափոխության պահանջ չեն ներկայացրել, նույնիսկ «Սերժիկ, հեռացիր» վանկարկումը հարթակից մեկնաբանվել է որպես «ցանկություն», ոչ թե պահանջ: Նա նաև ասել է, որ եթե այդպիսի պահանջ ձևակերպվի, Քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է միանալ այդ հրապարակին:
«Մեզ համար կարևոր է կեղծ խոստումներով քաղաքացիներին չհավաքել, անապատներում ման չտալ: Ոչ որպես ընդդիմություն, ոչ որպես իշխանություն մենք ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունենք: Սա է մեր մոտեցումը»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողների հարցերին, թե քանի հոգի կգա, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք անի, երբ է պատրաստվում իրականացնել հեղափոխությունը, Փաշինյանը պատասխանել է, որ հեղափոխության համար Հայաստանում վերջին 20 տարում պատեհ պահ է ամեն օր, սակայն իրենք սին խոստումներով չեն գործելու, այլ գնում են հեղափոխության այս պահին մարզային հանդիպումներով, քաղաքացիների խնդիրների համաձայն ծրագիր մշակելով, և, երբ պահը գա, իրենք ժողովրդին մենակ չեն թողնի:
«Այն ուժերը, որոնք 2008 թվականին ասում էին, որ Սերժ Սարգսյանը պետք է ժամ առաջ հեռանա, 2013 թվականին նույնիսկ ընտրությունների չմասանկցեցին, թեկնածու չառաջադրեցին և չպաշտպանեցին ընդդիմադիր թեկնածուի»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց է ուղղել հարթակից ելույթ ունեցողներին, ովքեր ասում են, թե թույլ չեն տա՝ սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարացնի 10 տարով. «Իսկ երեք տարով թույլ կտա՞ն»: