Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները իրականում քաղաքական մեծ «աֆյոռա» է, որի նպատակն է իշխանության ղեկին շարունակել պահել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կլանը: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր միավորման» խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ առաջին անգամ չէ, որ փորձ է արվում զբաղեցնել ողջ քաղաքական դաշտը և երկարացնել իշխանությունը՝ սահմանադրական բարեփոխումների գնով:
Փաշինյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ևս կուսակցություն է ստեղծել (նկատի ունի ԲՀԿ֊ն – Epress.am), 2005 թվականին փոխել սահմանադրությունը՝ ավելի մեծ իշխանություն տալով վարչապետին, որպեսզի, դառնալով ԱԺ-ի ամենամեծ ուժի առաջնորդ և վարչապետ, շարունակի մնալ իշխանության: Այս ծրագիրը, սակայն, չի կատարվել։ Նույն մեթոդը կիրառվում է հիմա:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ այժմ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ԲՀԿ կուսակցությունը ժամանակին ցանկանում էր խորհրդանական համակարգ ստեղծել և այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կողմ էր հանդես եկել նախագահական կառավարման համակարգի պահպանմանը: Չնայած այժմ դերերը փոխվել են, բայց գործընթացի իմաստը նույնն է: