Թուրքիայի քրիստոնյա աշակերտները իրենց հավատքին համապատասխան կրոնի դասընթացներ կունենան։ Այս մասին Habertürk պարբերականի հետ զրույցում հոկտեմբերի 9֊ին ասել է Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավչին՝ հավելելով, որ դասընթացներ կարող են մշակվել նաև հրեա աշակերտների համար։
«Կլինեն Քրիստոնեության դասընթացներ քրիստոնյա աշակերտների համար։ Մենք ունենք փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներ, ու այդ դպրոցների աշակերտները ցանկության դեպքում հնարավորություն կունենան ուսուցանել իրենց սեփական կրոնը»,֊ մասնավորապես, ասել է Ավչին։
Թուրքիայի հայկական դպրոցների խորհրդի ներկայացուցիչ Կարո Փալյանը թեմայի շուրջ խոսել է Bianet.org֊ի հետ․ «Ո՞վ է դասավանդելու այս առարկան։ Հույների Ասվածաբանական դպրոցը՝ Հալկի ճեմարանը, փակվել է։ Հայ ու հրեա համայնքների համար որևէ անկախ կառույցներ գոյություն չունեն։ Նախկինում կային, բայց ժամանակի ընթացքում փակվել են կամ դադարել գործունեությունը»։
Փալյանի խոսքով՝ եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանում են նման դասընթաց կազմակերպել, ապա պետք է համագործակցեն հայ ու հույն եկեղեցիների ներկայացուցիչների հետ ու ստեղծեն նոր վարչական միավոր, որը կզբաղվի այդ հարցով։
«Մենք պետք է ունենանք կառույցներ, որոնք կկրթեն մեր աստվածաբաններին։ Դասավանդողների խնդրին պետք է լուծում տալ»,֊ նշել է Փալյանը՝ հավելելով, որ աշակերտներին Քրիստոնեություն են դասավանդում Հայոց լեզվի ուսուցիչները։
Նշենք, որ Թուրքիայի դպրոցներում պարտադիր կերպով դասավանդվող «Կրոնի մշակույթ և բարոյականության իմացություն» առարկայի դեմ դեռևս 2011 թվականին ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել ալևիների հավատքին պատկանող Թուրքիայի 14 քաղաքացիներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2014 թվականի սեպտեմբերի 16֊ին վճռել է, որ Թուրքիայում կրոնի պարտադիր դասընթացը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ կրթության իրավունքի մասին հոդվածը, և կոչ էր արել Թուրքիային անցնել նոր համակարգի, որն աշակերտներին չի պարտադրի նման առարկա անցնել։