Այսօր 15։30֊ի սահմաններում «Նախախորհրդարան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության դեմ անցկացված բողոքի երթի ժամանակ։ «Նախախորհրդարանը» ենթադրում է, որ Սաֆարյանը բերման է ենթարկվել, քանի որ ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Ոստիկանության շենքի ուղղությամբ:
Երթի մասնակիցների դժգոհությունը կապված է եղել հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ոստիկանները «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանին քաշքշելով հանել են իր հարևան Վահրամ Գաբրիելյանի մեքենայից ու թողել փողոցի բանուկ մասում, չնայած Ենիգոմշյանը զգուշացրել է նրանց, որ կույր է։ Գաբրիելյանին տարել են ոստիկանության բաժին։
Epress.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել է, որ Գաբրիելյանին բերման ենթարկելու պատճառ է հանդիսացել այն, որ վերջինս Շահումյան գյուղի կենտրոնական ճանապարհի վրա վիճաբանել է ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանի հետ, հայհոյել և հարվածել է նրան։ Բաժնում Գաբրիելյանը բացատրություն է գրել և ազատ արձակվել։
«Նախախորհրդարանի» հայտարարության մեջ, սակայն, նշվում է, որ Գաբրիելյանի հետ միջադեպը սադրել է մի քաղաքացի, ով միջադեպի ավարտին ներկայացել է որպես ոստիկան, լուսանկարել է Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաև ավտոմեքենայում նստած Գաբրիելյանին և Ենիգոմշյանին ու հեռացել: Այդ քաղաքացին եղել է առանց համազգեստի և չի ունեցել իրեն որպես ոստիկանության ծառայողի նույնականացնող որևէ այլ տարբերանշան: