2011 թվականին բանակում ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով անցկացված կրկնակի դատաբժշկական փորձաքննությանը մասնակցած մասնագետները պնդում են, որ բժշկական սխալ չի եղել։
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Խաչատրյանի գործով դատավարությունը, որը մահացած զինվորի իրավահաջորդները շարունակում են բոյկոտել:
Այսօրվա նիստին ցուցմունք է տվել կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Զարեհ Տեր-Ավետիքյանը: Նա ասել է, որ բժշկությունն այդքան հզոր չէ, որ բոլոր հիվանդությունների դեմ ունենա ունիվերսալ գործիքներ: Նա նաև հավելել է, որ բժշկական սխալ չկա, այլ զինվորի հիվանդությունն էր անբուժելի:
Կրկնակի փորձաքննության անցկացման մասին որոշումը կայացրել էր դատարանը՝ առանց որևէ կողմի միջնորդության: Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն այդ որոշումը մեկնաբանել էր որպես մեղադրվող վիրաբույժներին արդարացնելու փորձ: Այսօր Epress.am-ի հետ զրույցում Շուշանյանն ասել է, որ նոր փորձաքննության պատասխանները հենց այդ նպատակին են ծառայեցվել։ Մասնավորապես, փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ հիվանդի վիճակը այնպիսին է եղել, որ նրան Ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու բժիշկների որոշումը ճիշտ էր:
Շուշանյանը նաև ասել է, որ իրենց կողմը բոյկոտում է գործով նիստերը և միայն ճառերի փուլում է մասնակցելու, այն էլ՝ գրավոր տեսքով է ճառն ուղարկելու դատարան:
Տուժող կողմը դժգոհ է եղել դատավարության ողջ ընթացքից։ Շուշանյանը նշում է, որ նախաքննությունը փակվել է և դատարան ուղարկվել առանց կողմի միջնորդություններին պատասխանելու: Իրավահաջորդները նաև բացարկ էին հայտնել դատախազին, ինչը նույնպես չի ընդունվել:
Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):
Շուշանյանը պահանջել էր նոր գործ հարուցել 376-ի երկրորդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 130-ի երկրորդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Այդ հոդվածներով գործ չի հարուցվել։