2011թ. բանակում ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը երեկ հետաձգել է վճիռի հրապարակումը՝ որոշելով վերսկսել դատաքննության փուլը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:
Պաշտպան կողմը միջնորդել է համաներում կիրառել մեղադրյալների նկատմամբ, և դատավորն ասել է, որ ցանկանում է լսել այդ հարցի մասին տուժող կողմի կարծիքը: Ինչևէ, Շուշանյանը և տուժողի իրավահաջորդները հաջորդ նիստին չեն պատրաստվում ներկայանալ, քանի որ բոյկոտում են դատարանը:
Փաստաբանը պարզաբանել է, որ դատաքննության փուլում ձեռք են բերվել ապացույցներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն նոր մեղադրանքներ առաջադրել, այլև խստացնել երկու ամբաստանյալ բժիշկների մեղադրանքները, սակայն ոչ դատախազությունը, ոչ դատարանը այդ փաստերին ուշադրություն չի դարձնում:
Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանը մեղադրվում են ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի մեջ, որը պատճառել է էական վնաս։ Այդ հոդվածով առավելագույնը 3 տարի ազատազրում է նախատեսված։
Շուշանյանի խոսքով՝ տուժող կողմը, այլևս չունենալով ակնկալիքներ դատարանից, սպասելու է վճռին և բողոքարկելու է այն Վերաքննիչ դատարանում: Փաստաբանը նշել է, որ իրենք պայքարում են մեղադրանքը խստացնելու համար, մինչդեռ ներկայիս հոդվածով բժիշկները համաներվելու են։