2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահվան դեպքի գործով այսօրվա նիստում մեղադրող դատախազը միջնորդել է բավարարել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դիմումները և նրանց նկատմամբ կիրառել համաներման ակտ, ինչպես նաև կարճել քրեական գործի վարույթը՝ փոփոխելով ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
Նախորդ նիստին ամբաստանյալները դիմում էին ներկայացրել՝ խնդրելով իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտ: Մինչ այդ, մեղադրող դատախազը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ այս գործն արդեն 1,5 տարի է՝ քննվում է, որ դատարանը հնարավորինս ամեն բան արել է՝ ապացուցելու, պարզելու համար՝ արդյոք մահվան ելքով ավարտված երեխայի ճակատագրի համար որևէ մեկի մեղքը կա:
Ըստ դատախազի՝ դատաքննության երկարաձգվելը պատճառաբանված է, և դատարանի կողմից հնարավոր և անհնարին ամեն բան արվել է՝ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար: Բժիշկների գործողությունների մեջ պատճառահետևանքային կապ չկա:
«Ըստ երևույթին, դա այդ երեխայի ճակատագիրն էր»,- ասել է դատախազը:
Այսօրվա նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: Նախորդ նիստին դատարանի գործողությունների դեմ բողոքներ հնչեցնելով՝ նրանք լքել էին նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին: