Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում են չդադարող ճնշումները Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու նրա փաստաբանների դեմ։
OMCT֊ի հայտարարության հեղինակներն իրենց զարմանքն ու վրդովմունքն են արտահայտել Լեյլա և Արիֆ Յունուսների ազատազրկման ժամկետը 4 ամսով երկարացնելու, ինչպես նաև նրանց փաստաբաններից զրկելու կապակցությամբ։
OMCT֊ն Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել Յունուս ամուսինների բժշկական, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու համար, ինչպես նաև դադարեցնել ճնշումները ադրբեջանական ՀԿ-ների, դեմ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին։
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դեյվիդ Կրամերը, իր հերթին, նշել է, որ իրավապաշտպաններին լուրջ պետական հանցագործությունների մեջ մեղադրելով՝ Ադրբեջանի իշխանությունները անարգանք են ցուցաբերում օրենքի գերակայության հանդեպ ու ձգտում են ահաբեկել երկրի անկախ քաղաքացիական հասարակությունը։
Կրամերի խոսքով՝ Լեյլա Յունուսին պաշտպանվելու հնարավորությունից զրկելով՝ իշխանությունները ցույց են տալիս, որ վախենում են սեփական քաղաքացիներից։
Նշենք՝ օրերս Ադրբեջանի դատախազությունը պաշտպաններ Ջավադ Ջավադովին ու Հալիդ Բագիրովին արգելել էր իրավաբանական օգնություն տրամադրել Լեյլա Յունուսին։