Գլխավոր / Հայաստան / Վերաքննիչից այլ որոշում են ակնկալում ԶԼՄ֊ի կողմից ատելության խոսքի տարածման գործով

Վերաքննիչից այլ որոշում են ակնկալում ԶԼՄ֊ի կողմից ատելության խոսքի տարածման գործով

Միջազգային փաստաթղթերով հստակ սահմանված են այն չափանիշները, որոնցով պետությունը պետք է ատելության խոսքի տարածման սահմանափակումներ իրականացնի։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի դեմ քաղաքացիների հայցը մերժելու դատարանի որոշմանը։

Հայկուհի Հարությունյանը նշել է, որ, ըստ Եվրոպական դատարանի՝ պարտադիր չէ, որ արտահայտության հեղինակը կոչ հնչեցնի, որպեսզի լսողները որոշակի գործողություններ իրականացնեն։ Միայն այն հանգամանքը, որ հեղինակն առանձնացնում է մի խումբ մարդկանց և նրանց նկատմամբ հասարակությունից խտրական դիրքորոշում պահանջում, արդեն գնահատվում է որպես ատելության խոսքի տարրեր պարունակող։ Հարությունյանի խոսքով՝ տվյալ դեպքում խտրականությունն արդեն իսկ դրսևորվել է նրանում, որ «Իրավունքը» կազմել է մարդկանց ցանկ, ում սեռական պատկանելության հիմքով գնահատական է տրվել։ Եթե դատարանը այդ կտրվածքով գնահատեր «Իրավունքի» հրապարակումը, ապա այլ որոշում կկայացներ։ Ամեն դեպքում, ՀԿ֊ի ղեկավարը հույս է հայտնել, որ Վերաքննիչ դատարանը կվերագնահատի փաստական հանգամանքները և այլ որոշում կկայացնի։

Հիշեցնենք, որ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում ներկայացրել է 60 անձանց անուններ` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով, հնչեցրել վիրավորական արտահայտություններ վերոնշյալ անձանց հասցեին և կոչ արել «1. Սովորական մարդկանց, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն; 2. Պետական պաշտոնյաներին, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով; 3. Գործատուներին, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան; 4. Լրատվամիջոցների սեփականատերերին, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա, 5. Կրթօջախներին ղեկավարներին, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»։