Ռուսաստանցի քաղաքագետ Պավել Սվյատենկովը 2013 թվականին հրապարակված «Զարգացած հոմոսեքսուալիզմ» հոդվածում իր տեսակետն է հայտնում Ռուսաստանում նույնասեռականների դեմ ծավալվող պայքարի մասին՝ բացատրությունը գտնելով Խորհրդային միությունում տարածված ֆենոմենի մեջ։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․
««Հոմոսեքսուալիզմի» դեմ մերօրյա պայքարը հոմոսեքսուալների ու հետերոսեքսուալների միջև կոնֆլիկտ չէ, ինչպես գրում են ԶԼՄ֊ները։ Դա հոմոսեքսուալիզմի երկու տարբեր տեսակների կոնֆլիկտ է՝ խորհրդային ու արևմտյան։
Խորհրդային զարգացած հոմոսեքսուալիզմը հիմնված է Խրուշչովի օրոք ստեղծված ճամբարային հոմոսեքսուալիզմի վրա։ Իոսիֆ Ստալինն աքսորներում եղել էր, կալանավորների կարիքները լավ էր հասկանում։ Ուստի, կանանց ու տղամարդկանց կալանավայրերը գտնվում էին կողք կողքի՝ միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Բազմաթիվ մեմուարիստներ վկայում են, որ ճամբարներում գոյություն ուներ նորմալ ընտանեկան կյանք։ Կանայք ամուսնանում էին ճամբարում հանդիպած տղամարդկանց հետ, քանի որ այլևս հույս չունեին իրենց ամուսիններին կենդանի տեսնել։
Խրուշչովն ու նրա շրջապատը բացահայտեցին՝ ճամբարներում ինչ էր տեղի ունենում, ու կանանց և տղամարդկանց կալանավայրերը տեղափոխեցին միմյանցից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Ճամբարներում զարգացավ հոմոսեքսուալիզմը, այն էլ՝ հատուկ տեսակի։
Գողական փիլիսոփայության տեսանկյունից՝ պասիվ համասեռամոլ՝ «պետուխ» լինելն ամոթ է։ Իսկ ահա ակտիվ համասեռամոլներին ընկալում են որպես «լավ տղա»։ Ճամբարներում կա «կոտրվածների» դաս, բայց չկա «կոտրողների» դաս։ Այն ամոթաբար թաքնված է ստվերում։
Քանի որ «կոտրելու» համար պետք է ուժ և իշխանություն ունենալ, ճամբարային հոմոսեքսուալների հարաբերություններն արագ համընկան գերիշխանության կառուցվածքի հետ, որը հիմված է իշխանության և ենթակայության հարաբերությունների վրա։ Ճամբարային փիլիսոփայությունը ներխուժել է ողջ խորհրդային հասարակություն, հատկապես՝ ուժային ու հատուկ ծառայություններ։
Խորհրդային զարգացած հոմոսեքսուալիզմի փիլիսոփայությունը ներթափանցել է հասարակության նույնիսկ այն շերտեր, որոնցում այն, ըստ էության, չպետք է առկա լինի։ Ի՞նչ նկատի ունի մենեջերը, երբ ասում է, թե ղեկավարությունն իրեն «ո․․․ից հագ․․․եց»։ Ակնհայտ է՝ «Ղեկավարությունը խիստ նկատողություն արեց»։ Այլ կերպ ասած, Ռուսաստանում իշխանության և ենթակայության հարաբերությունները շատերի կողմից սահմանվում են հոմոսեքսուալ սեռական ակտի տերմիններով։
Այսինքն հենց «իշխանության ուղղահայացը», ըստ էության․․․լավ, արդեն հասկացաք։
Այստեղից է, ի դեպ, սկիզբ է առել «լավ տղու» պաշտամունքը, որը հատկապես զարգացած է «խուժան»՝ կիսահանցավոր միջավայրում։ «Լավ տղեն» համակենտրոնացման ճամբարում հարգված ակտիվ հոմոսեքսուալն է, որը խղճուկ «պետուխ» չէ։ Իսկ ինչո՞ւ է պետք այդ պաշտամունքը։ Որովհետև մարդիկ պարզապես վախենում են։ Վախենում են, որ իրենց «կկոտրեն»։ Իսկ որպեսզի «չկոտրեն», պետք է ինքդ «կոտրես»։ Այստեղից էլ համապատասխան վարքագիծը։
«Լավ տղեն» հետերոսեքսուալ տղամարդ է, որը հանգամանքների ու միջավայրի ճնշման տակ իրեն պահում է որպես ակտիվ նույնասեռական, բայց, միևնույն ժամանակ, իր վարքը ներկայացնում որպես տղամարդկության արտահայտում։
Խորհրդային զարգացած հոմոսեքսուալիզմի համակարգը, որը իշխանության և ենթակայության հարաբերությունները սահմանում է հոմոսեքսուալ սեռական ակտի տերմիններով, կանգնած է երեք կետերի վրա։ Առաջին կետ՝ «կոտրվելու» ու ստորագույն կարգին դասվելու վախ։ Երկրորդ կետ՝ «կյանքի իմացություն»՝ գիտելիքներ աստիճանակարգի ճշմարիտ բնույթի մասին ու դրա հիման վրա իշխանության պահանջներ։ Երրորդ կետ՝ երկրի կառավարման գործընթացի՝ զարգացած հոմոսեքսուալիզմի տերմիններով սահմանում։
Ամենազվարճալին այն է, որ խորհրդային զարգացած հոմոսեքսուալիզմի համակարգի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը հետերոսեքսուալ է։
Խորհրդային զարգացած հոմոսեքսուալիզմն այժմ լուրջ ճգնաժամ է ապրում՝ բախվելով նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքի արևմտյան մոդելին։ «Ի՞նչ է՝ «պետուխներն» է՞լ են մարդիկ»,֊ այս հարցն է հնչում իշխանական աստիճանակարգի տարբեր շերտերում։ Հենց մոդելների կոնֆլիկտով է բացատրվում ներկայիս «հոմոֆոբիան»։ Որովհետև, եթե ընդունեն՝ «պետուխներն» ու, ընդհանրապես, նույնասեռականները նույնպես մարդիկ են, կկորցնեն խորհրդային ղեկավարության իշխանության մոդելի հիմքերը։
«Լավ տղեն», որը ակտիվ նույնասեռական է, այլևս «լավ տղա» չէ։ «Պետուխը», որն ընկալվում է որպես մարդ, այլևս «պետուխ» չէ։ Խորհրդային ճամբարային դասակարգերը ոչնչացման եզրին են։ Այստեղից էլ հոմոսեքսուալիզմի դեմ հիստերիկ պայքարը, որի առաջնային ճակատում կանգնած են խորհրդային «լավ տղեքը»։ Ապացուցելու համար, որ իրենք նույնասեռական չեն, «լավ տղեքը» պատրաստ են ամեն ինչի։ Օրինակ, պատրաստ են «հակառակորդի» քամակը շիշ մտցնել։
Ի՞նչ է ստացվում։ Եվրոպականացումը կազդի նաև խորհրդային դժոխքի այս՝ բավականին ինտիմ հատվածի վրա։ Զարգացած հոմոսեքսուալիզմին սպասում է նույն ճակատագիրը, ինչ՝ զարգացած սոցիալիզմին։ Միակ հարցն այն է՝ արդյոք Ռուսաստանը կընդունի նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքի արևմտյան մոդելը, թե կստեղծի իր սեփական՝ «ինքնիշխան հոմոսեքսուալիզմը»»։