ԼՂՀ զինված ուժերը հատուկ նշանակության գործողության արդյունքում տարհանել են նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները, ասված է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրից դուրս են բերվել նաև ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Համաձայն ԼՂՀ ՊՆ֊ի, հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր, իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Հիշեցնենք, որ, համաձայն ղարաբաղյան կողմի, ադրբեջանցիները նոյեմբերի 12-ից կրակի տակ էին պահում այն վայրը, որտեղ ընկել էր խոցված ուղղաթիռը՝ թույլ չտալով տարհանել օդաչուների դիերը։ Ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին չճանաչված ԼՂՀ֊ի և Ադրբեջանի սահմանային հատվածում։ Խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը:
Ադրբեջանական կողմը նշում էր, որ ուղղաթիռը կրակի տակ էր պահում ադրբեջանական դիրքերը։ Ադրբեջանական ԶԼՄ֊ների կողմից տարածված տեսանյութում երևում է, որ ՄԻ֊24-ի խոցման պահին ուղղաթիռները կրակ չէին բացել, թռչում էին զորքերի շփման գծի երկայնքով ու թեքվում էին ադրբեջանական դիրքերին հակառակ ուղղությամբ:
Նշենք՝ ադրբեջանական ԶԼՄ֊ները գրում են, որ Ադրբեջանի ՊՆ֊ն հերքել է օդաչուների դիերը տարհանելու մասին լուրը՝ հայտնելով, որ տվյալ տեղեկությունը ճշտվում է։