Home / Տեսանյութեր / «Հայաստանում մարդաորս է սկսվել»․ թերթերը՝ Արամ Մանուկյանի վրա հարձակման մասին

«Հայաստանում մարդաորս է սկսվել»․ թերթերը՝ Արամ Մանուկյանի վրա հարձակման մասին

Այսօր հայաստանյան թերթերի գլխավոր թեման ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումն է։

Երբ դիմակով ու անդիմակ մարդիկ սկսում են ծեծել, բռնանալ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, փչացնել նրանց գույքը, խանգարել նրանց ազատ կամարտահայտությանը, և այդ հանցագործությունները, չգիտես ինչու, կատարվում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, իշխանափոխություն ցանկացող մարդկանց նկատմամբ, դժվար է չեզրակացնել, որ դրանք կազմակերպվում կամ խրախուսվում են իշխանության կողմից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Հակառակ պարագայում քաղաքական թեմաներով հումորներ անող ոստիկանապետը ոչ թե լրագրող աղջիկների առաջ կսեթևեթեր, այլ կզբաղվեր իր բուն գործով՝ կբացահայտեր այդ բռնություններից գոնե մեկը։ Կցուցադրեր, որ պետական կառավարման համակարգը, հանձին ոստիկանության, կատարում է իր գործառույթները՝ ապահովում է ՀՀ քաղաքացիների բնականոն կենսագործունեությունը և Սահմանադրությամբ նրանց վերապահված իրավունքները», ֊ ասված է թերթի խմբագրականում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր առաջնորդողում գրում է, որ Արամ Մանուկյանի վրա հարձակումն ավելին է, քան «բեսպրեդելը»։

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մարդաորս է սկսել։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեպքում թվում էր, թե հայտնի էր՝ ինչ է տեղի ունեցել, և ովքեր են եղել մասնակիցները:

Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեպքում գործ ունենք մարդկանց դեմ կազմակերպված հարձակման հետ, որի հեղինակները դեռևս անհայտ են: Իհարկե, բացառված չէ, որ Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումների նպատակն առաջին միջադեպից հանրության ուշադրությունը շեղելն է: Ամեն դեպքում, եթե ոստիկանությունն այս դեպքերը չբացահայտի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում բանդա է գործում իրավապահների թողտվությամբ կամ միգուցե՝ «օրհնությամբ»», ֊ գրում է «Ժողովուրդ»֊ը:

Վերջին օրերի հարձակումներին անդրադառնալով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ կարևոր է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունների բուն իմաստն ու քաղաքական կոնտեքստը։

«Երեկ արդեն հնչում էին կարծիքներ, որ վերջին օրերի հարձակումների թիրախն այն մարդիկ են, ովքեր հայհոյել են Սերժ Սարգսյանին։ Այս թեման իրականում շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը, ով մամուլում հայտարարել է, որ կկտրի այն մարդու ականջները, ով կհայհոյի Սերժ Սարգսյանին։ Արամ Մանուկյանը, կարծես թե, մտնում է Սերժ Սարգսյանին հայհոյածների շարքի մեջ։ Հիշեցնենք, որ ոչ իշխանական եռյակի առաջին մարզային հանրահավաքի ժամանակ, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Աբովյանում, Արամ Մանուկյանն ասել էր․ «Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձեր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ»։ Այս հայտարարությունը դժգոհություն հարուցեց ոչ միայն իշխանության շրջանում, այլև եռյակում, և Մանուկյանն արժանացավ ոչ իշխանական գործընկերների քննադատությանը։ Բայց սա, թերևս, չի բավարարել Սերժ Սարգսյանին, և հիմա նա սկսել է պատասխաններ տալ։ Հենց սրանում է հարցի քաղաքական կոնտեքստը։ Բավական երկար ժամանակ Սերժ Սարգսյանը կաշկանդված տպավորություն էր թողնում և ըստ էության՝ որևէ արձագանք չէր տալիս ներքաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներին։ Երբեմն տպավորություն էր, թե նա կորցրել է իրավիճակի վերահսկողությունը։ Նրա թիմը հարց էր դնում, թե արդյո՞ք Սարգսյանն ի վիճակի է հակահարվածի։ Չնայած սրան՝ Սերժ Սարգսյանը թվում էր անհաղորդ ու կաշկանդված։ Բայց ահա՝ բռնությունների նոր շարքը վկայում է, թերևս, այն մասին, որ Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատվել են։ Նա, կարծես, ուզում է հայտարարել, որ վճռական է իշխանությունը մինչև վերջ պահելու հարցում։ Մեծ հաշվով, այս ուղերձը երկակի հասցե ունի․ համ իր թիմին է ուզում կոնսոլիդացված պահել, համ էլ հակառակորդներին է մարտահրավեր նետում», ֊ նշում է «ՀԺ»֊ն։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի վրա հարձակումը տեղի էր ունեցել երեկ, ժամը 20։00-ի սահմաններում։ Անհայտ անձը Մանուկյանի բնակության հասցեում՝ Սոսեի 2/2 հասցեում գտնվող շենքի շքամուտքում, հարձակվել է պատգամավորի վրա, ոչինչ չասելով՝ դեմքին հարված է հասցրել ու փախել։ Մանուկյանի դեմքին՝ աջ աչքի շրջանում, պատռվածք է եղել։ Նրան քննել է դատաբժիշկը, պատգամավորը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։