Home / Տեսանյութեր / ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին արտահերթ նիստը (թարմացված)

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին արտահերթ նիստը (թարմացված)

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հրավիրած արտահերթ նիստի մեկնարկին ոչ իշխանական ուժերը պահանջել են ընդհատել այն և մեկ այլ արտահերթ նիստ գումարել՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Այս առաջարկությունն արել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ անցյալ շաբաթ Հայաստանում բռնության դեպքեր են գրանցվել՝ ծեծի են ենթարկվել ազատամարտիկները, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, և Ազգային ժողովը պետք է արձագանքի տեղի ունեցածին։ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ արտահերթ նիստ չգումարելու դեպքում, ԲՀԿ խմբակցությունը կբոյկոտի ներկայիս նիստը, որի ընթացքում քննարկվելու է միջազգային կառույցներից վարկ վերցնելու կառավարության առաջարկը։

Զոհրաբյանի կոչին միացել են «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները:

«Արամ Մանուկյանի հետ կատարվածն ապտակ է ԱԺ բոլոր պատգամավորներին»,- մասնավորապես, ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

ՀՅԴ խմբակցությունը, իր հերթին, դատապարտել է Արամ Մանուկյանի վրա հարձակումը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ-ն պարտավոր է ձև գտնել խնդրին արձագանքելու համար, և դրա համար 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ Ազգային ժողովի նախագահի մոտ խորհրդակցություն կազմակերպելու նպատակով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդմիջում է հայտարարել է, որից հետո ասել է՝ խմբակցությունները պատրաստակամ են դատապարտող հայտարարություն ընդունել։ Այնուամենայնիվ, Սահակյանն ասել է, որ Ազգային ժողովը ոչ իշխանական ուժերի առաջարկած արտահերթ նիստը կարող է գումարել միայն 18։30-ին՝ ԱԺ ներկայիս նիստի ավարտից հետո։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իր հերթին, նշել է, որ արտահերթ նիստն անմիջապես չգումարելու պատճառով 4 խմբակցությունները՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն, բոյկոտում են այսօրվա նիստի աշխատանքները։ Վերոնշյալ խմբակցությունների պատգամավորները Հակոբյանի հայտարարությունից հետո հեռացել են դահլիճից։ Մի քանի րոպե անց դահլիճից դուրս են եկել նաև ՀՅԴ խմբակցության անդամները։ Այնուամենայնիվ, Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք ոչ իշխանականների բոյկոտին չեն մասնակցել։ Նրա խոսքով՝ խմբակցությունները ԱԺ նախագահի հետ համաձայնեցրել էին, որ արտահերթ նիստը կանցկացվի այսօր 18։30-ին, ուստի բոյկոտը իմաստ չուներ։