հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարին ծեծի ենթարկածները բաժին են եկել․ ոստիկանություն

ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարին ծեծի ենթարկածները բաժին են եկել․ ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հրազդանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ «կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ»:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Մանուկյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով: Կատարվում է քննություն», ֊ ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ilur.am կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության հաղորդագրությանը ծանոթանալով՝ Կոնգրեսի վարչության անդամ Արամ Բարեղամյանը հիշել է ոմն Ռոմանի, որին իրենք այս տարվա սեպտեմբերին` Համաժողովրդական շարժման Հրազդանում կայանալիք հանրահավաքի իրազեկումն իրականացնելու ժամանակ հանդիպել են Լեռնանիստ գյուղում:

Բարեղամյանի խոսքով, երբ իրենք փորձել են մտնել գյուղ, իրենց է մոտեցել գյուղապետը, եւ հայտարարել, թե թույլ չի տալու իր տարածքում իրազեկում անցկացնել: Ընդդիմադիրները, այդուհանդերձ, իրազեկում են անցկացրել, սակայն, հանրահավաքից հետո` երկու օր շարունակ Փիլիպոսյանը սպառնալիքներով զանգեր է ստացել ոմն Ռոմանից, ով հայտարարել է, թե ինքը Լեռնանիստ գյուղի բնակիչ է, և սկսել է հոխորտալ, թե «եկել ես ստեղ, քեզ լա՞վ ես զգում»: Սակայն, դրանից հետո, զանգերը դադարել են, և Ռոմանից որևէ լուր այլևս չի եղել: Արամ Բարեղամյանը նշել է, որ ինքը գրեթե վստահ է, որ խոսքը նույն Ռոմանի մասին է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Երևանում ծեծի էր ենթարկվել ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իսկ մինչ դա, ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Սարգսյանը։

Ոստիկանության փոխանցմամբ, իրենք այցելել են Պետրոսյանին և Եղիազարյանին, սակայն վերջիններս նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն։