Home / Հայաստան / Դատարանը Դինքի գործով երկու ոստիկանի ձերբակալման հրաման է արձակել

Դատարանը Դինքի գործով երկու ոստիկանի ձերբակալման հրաման է արձակել

Ստամբուլի դատարանը Տրապիզոնի ոստիկանության հանձնակատարի տեղակալ Օզքուն Մումջուի և ոստիկան Մյուհիթին Զենիթի ձերբակալության հրաման է արձակել՝ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության քննության ժամանակ անփություն ցուցաբերելու մեղադրանքով, հայտնում է Today's Zaman կայքը։

Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ 2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։ 

Մումջուն և Զենիթը նախկինում հարցաքննվել են գործի քննության շրջանակներում։ Դատախազը նրանց ձերբակալելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն, դատարանի որոշմամբ, նրանք ազատ էին արձակվել։

Ոստիկանները մեղադրվում են Դինքի սպանության քննության գործում անփություն ցուցաբերելու մեջ։ ԶԼՄ֊ներում հայտնվել է Զենիթի և Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչ Էրհան Թունջելի միջև հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ Զենիթը նախապես տեղյակ էր Դինքին սպանելու դավադրության մասին։

Մումջուին և Զենիթին ազատ արձակելու որոշման վերաբերյալ դատախազի ներկայացրած բողոքից հետո՝ Ստամբուլի դատարանը կրկին նրանց ձերբակալելու հրաման է արձակել։

Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելն արդարացվել է:

Tekali Taxi