ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ Ռուսաստանում «անցանկալի կազմակերպությունների» ցուցակ ստեղծելու մասին։
Օրինագիծը խորհրդարանի քննարկման էր առաջադրվել «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Տարնավսկիի և «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության» անդամ Անտոն Իշչենկոյի կողմից, հայտնում է «ԻՏԱՌ֊ՏԱՍՍ»-ը։
Փաստաթղթի համաձայն՝ հնարավորություն է տրվում արգելել այն միջազգային ու արտասահմանյան կառույցների գործունեությունը, որոնք «սպառնում են պետության պաշտպանունակությանն ու անվտանգությանը»։ Կազմակերպությունը կարող է անցանկալի ճանաչվել նաև այն դեպքում, եթե վտանգ է ներկայացնում «հասարակական կարգի ու հանրության առողջության համար»։ «Անցանկալի կազմակերպությունների» ցուցակի մեջ ընդգրկելու մասին որոշումը կայացնելու է ՌԴ Գլխավոր դատախազությունը՝ համաձայնեցնելով ԱԳՆ֊ի հետ՝ ներքին գործերի ու անվտանգության կառույցներից ստացված տվյալների ու փաստաթղթերի հիման վրա։
Սահմանվել է նաև վարչական պատասխանատվություն տուգանքի տեսքով 10 հազարից մինչև 100 հազար ռուբլի չափով այն անձանց համար, ովքեր ներգրավված են ՌԴ տարածքում նման կազմակերպության գործունեության մեջ։ «Անցանկալի կազմակերպության» գործունեության արգելքի խախտման դեպքում՝ դրա անդամներին արդեն սպառնալու է քրեական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով 300 հազարից մինչև 500 հազար ռուբլի չափով կամ ազատազրկում՝ 2֊ից 8 տարով։
Տարնավսկիի խոսքով՝ օրինագծի նպատակն է «ցույց տալ, որ կան միջազգային կազմակերպություններ, որոնք Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար են տրամադրված»։