Home / Հայաստան / Մինվոդիում ռուս զինվորի սպանությունը կապում են Գյումրիի ողբերգության հետ

Մինվոդիում ռուս զինվորի սպանությունը կապում են Գյումրիի ողբերգության հետ

Ռուսաստանի Մինվոդի քաղաքում երեկ՝ հունվարի 22֊ին, ձերբակալվել է հատուկ նշանակության ջոկատի զինծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը (լուսանկարում), հայտնում է bloknot-stavropol.ru կայքը։

Քաղաքի կարաոկե-ակումբներից մեկում հունվարի 21֊ին կռիվ է բռնկվել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների ու տեղի բնակիչների միջև։ Ծեծկռտուքի ընթացքում սպանվել է հատուկ ջոկատային Դմիտրի Սիդորենկոն։

Հունվարի 22֊ին ժամը 17։30֊ին իրավապահ մարմինները ձերբակալել են Սիդորենկոյի սպանության գլխավոր կասկածյալին՝ 23֊ամյա Միխայիլ Գրիգորյանին։ Իրավապահ մարմիններում կայքի աղբյուրը հայտնել է, որ Գրիգորյանն արդեն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Ծեծկռտուքի մասնակիցներից մյուսը՝ Կարեն Թովմասյանը, դեռևս չի հայտնաբերվել։

Սպանվածի ծառայակիցները պատմել են, որ ծեծկռտուքին մասնակցել է 5 հատուկ ջոկատային և շուրջ 25 բնակիչ։

Միջադեպի ականատեսների խոսքով՝ կռիվը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ խոսակցությունների պատճառով։