հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում ՄԻԵԴ-ի դատավորների մրցույթը կրկին ոչ թափանցիկ է անցկացվում․ հայտարարություն

Հայաստանում ՄԻԵԴ-ի դատավորների մրցույթը կրկին ոչ թափանցիկ է անցկացվում․ հայտարարություն

Փետրվարի 17-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը, սակայն գործընթացը հարուցել է դիտորդների դժգոհությունը, ովքեր կոչ են անում Արդարադատության նախարարությունն ավելի բաց ու թափանցիկ դարձնել իր աշխատանքները և խոչընդոտներ չհարուցել դիտորդական առաքելության համար: Այս մասին ասված է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ֊ի և www.ilur.am կայքի տարածած հայտարարության մեջ։

2015թ. փետրվարի 16-ին «Իրավունքի եվրոպա միավորում»֊ը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալ: Սակայն նախարարության աշխատակիցները հրաժարվել են դիտորդներին` մրցութային փաստաթղթերը դիտարկելու հնարավորություն ընձեռել: Նախարարության աշխատակիցներից մեկը մերժումը հիմնավորել է՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված որոշմանը, որով մրցութային փաստաթղթերը հրապարակման ենթակա են բացառապես նախարարության կայքի միջոցով:

«Այսպիսով, հղում կատարելով Հանձնաժողովի սահմանած նոր կարգին, մրցույթի կազմակերպման համար պատասխանատու մարմինը հրաժարվում է ապահովել 02.08.2014թ. Սերժ Սարգսյանի հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 2-րդ բաժնի 4-րդ կետի պահանջը, որի համաձայն` «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա», ֊ ասված է հայտարարության մեջ:

2015թ. փետրվարի 19-ին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն ևս դիմել է նախարարություն մրցույթը դիտարկելու խնդրանքով: Այնուհետև փետրվարի 24-ին ՀԿ-ն դիմել էր նախարարություն` խնդրելով վերջինիս հնարավորություն ընձեռել ծանոթանալու հավակնորդների ներկայացրած հայտերին, սակայն նախարարությունից ստացվել է մերժում: Իր համանման դիմումին ի պատասխան` մերժում է ստացել նաև www.ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը:

«Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ընտրության նախորդ մրցույթի ընթացքում մրցութային հայտերի փաթեթները, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր եղել են դիտորդների համար հասանելի, որոնց ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել մի շատ խնդրահարույց հարցեր: Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ հորդորում ենք ՄԻԵԴ-ի դատարավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովին, ի դեմս իր աշխատանքները կազմակերպող Արդարադատության նախարարության, ավելի բաց ու թափանցիկ դարձնել իր աշխատանքները և խոչընդոտներ չհարուցել դիտորդական առաքելության համար», ֊ ընդգծում են հայտարարության հեղինակները։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի մրցույթն արդեն անցկացվել էր նախորդ տարվա վերջին, սակայն 2015- թվականի հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուժը կորցրած էր ճանաչել մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը։ Նախագահականից ստացված հաղորդագրության մեջ նշվում էր, որ նման որոշումը կայացվել է եվրոպական փորձագետների գնահատականից հետո։

Նախորդ մրցույթի ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ ընդգծել էին, որ մրցույթը թափանցիկ չի անցկացվել։