Home / Հայաստան / Գյումրիի զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումներից շատերը չեն իրականացվել․ «Ասպարեզ»

Գյումրիի զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումներից շատերը չեն իրականացվել․ «Ասպարեզ»

Գյումրու քառամյա զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումներից շատերը, ընդհանուր առմամբ, այդպես էլ ժամանակացույցին համապատասխան չեն իրականացվում, գրում է «Ասպարեզ» օրաթերթը։ Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է համայնքի բյուջեի սուղ միջոցները, նաև այլ աղբյուրներից՝ բարերարներից, բարեգործական կազմակերպություններից ակնկալվող գումարների բացակայությունը։

Մարտի 25֊ին Գյումրու քաղաքապետարանում կայանալիք ավագանու նիստի ընթացքում քննարկվելու է Գյումրի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12֊ի «Գյումրի համայնքի քառամյա զարգացման (2013֊2016 թվականների) ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։

«Ասպարեզը» նշում է, որ, ըստ 2012 թվականի դեկտեմբերի 12֊ի որոշման, օրինակ, ստորգետնյա անցումների վերակառուցման աշխատանքների համար նախատեսվում էր 100 մլն դրամ, գումարն ակնկալվում էր անհատներից ու կազմակերպություններից, աշխատանքներն իրականացվելու էին 2013, 2014, 2015 թվականներին։ Մինչ այժմ, սակայն, կատարվել է աշխատանքի 20 տոկոսը, այն էլ՝ 2013 թվականին։ Ավագանու նիստին ներկայացվող նախագծի համաձայն՝ այս աշխատանքների իրականացումը հետաձգվելու է․ նախատեսվում է աշխատանքի 80 տոկոսը սկսել և ավարտել 2016֊ին։

Քաղաքի ամենահրատապ լուծման կարիք ունեցողներից՝ վթարային շենքերի ուժեղացման, վերականգնման համար քառամյա զարգացման գործող ծրագրով պահանջվել է 150 մլն դրամ գումար։ Գումարն ակնկալվել է այլ աղբյուրներից, նախատեսվել էր աշխատանքները մաս֊մաս իրականացնել 2013֊2016 թթ֊ին և 2016֊ին էլ ավարտել։ Սակայն նման աշխատանքներ այդպես էլ չեն կատարվել ոչ 2013֊ին, ոչ 2014֊ին, և ոչ էլ այս տարի է նախատեսվում։ Քառամյա զարգացման ծրագրի նոր հավելվածի համաձայն՝ այս աշխատանքները կրկին հետաձգվում են, նախատեսվում է 2016 թվականը։

Նախկինում նախատեսված էր Գյումրու 4 տնակային պայմաններում գործող մանկապարտեզների կապիտալ կառուցում՝ այլ աղբյուրների միջոցներով, գումարը մոտավորապես կազմում էր 240 մլն դրամ։ Թերթը նշում է, որ քաղաքապետարանի այս ծրագիրը ձախողված է, և քառամյա զարգացման ծրագրի նոր հավելվածի համաձայն՝ տնակային պայմաններում գործող մանկապարտեզների կապիտալ կառուցում չի նախատեսվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi