Home / Տեսանյութեր / Գործարարի և Հյուսիսային պողոտայի շենքերի բնակիչների վեճը կհանգուցալուծվի Վերաքննիչում

Գործարարի և Հյուսիսային պողոտայի շենքերի բնակիչների վեճը կհանգուցալուծվի Վերաքննիչում

Գերակա շահի գոտի ճանաչված Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի բնակիչներից ևս մեկը՝ Արայիկ Ասատրյանը, կանգնել է դատարանի առջև: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանի «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության միջոցով Ասատրյանին հեռացնել բնակարանից: Այսօր, սակայն, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մոտ երեք ամսով՝ մինչև հունիսի 29-ը, հետաձգել է հայցի քննությունը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը (լուսանկարում): Նա դատարանի նման որոշումը կապել է նմանատիպ այլ գործերով տեղի ունեցած զարգացումների հետ: Ավելի վաղ կառուցապատողը 3 բնակիչների դեմ հայց էր ներկայացրել, իսկ վերջիններս հակընդդեմ հայցով էին մտել դատարան՝ պահանջելով հարգել իրենց սեփականության իրավունքը և դադարեցնել իրենց գույքի նկատմամբ ոտնձգությունները: Դատարանը, սակայն, չէր քննել այդ միջնորդությունը՝ ոչ մերժել էր այն, ոչ էլ բավարարել: Նման որոշումը քաղաքացիները բողոքարկել են Վերաքննիչ դատարան:

«Այսինքն, դատարանը չցանկացավ ոչ մեր դեմ վատամարդ լինել, ոչ՝ Մայրապետյանի: Նա թողեց որոշումը Վերաքննիչի դատին: Մենք ենթադրում ենք, որ այսօրվա նիստն այդքան երկար ժամանակով հետաձգելը պայմանավորված է նրանով, որ դատարանը սպասում է մյուս երեք գործերով Վերաքննիչի վճռին: Պարզից պարզ է, որ Արայիկ Ասատրյանը ևս պետք է հակընդդեմ հայց ներկայացներ, եթե նիստը կայանար», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գերավետյանը:

Այսօրվա դատական նիստին Ասատրյանին սատարելու համար երեք շենքերի բնակիչները բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք շարժվել են դեպի կառավարության շենք, ապա՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հյուսիսային պողոտայում գտնվող շենքերի բոլոր բնակիչները նույն խնդրի առաջ են հայտնվել։ Նրանք նամակներ են ստացել այն մասին, որ իրենց բնակարանները չեն կարող վաճառել ոչ մեկին, բացի «Լոքալ Դեվելոփըրզ» ընկերությունից: Կազմակերպությունը պնդում է, որ առաջարկում է օրենքով սահմանված գումարը՝ շուկայական գնին գումարած 10 տոկոս: Բնակիչները, իրենց հերթին, պնդում են, թե ընկերությունն իրենց առաջարկում է շուկայականից 2.5 անգամ ցածր գին, իսկ իրենց բնակության վայրի հարևանությամբ կառուցված շենքում առաջարկված բնակարանների շենքային պայմաններն իրենց չեն բավարարում։

Tekali Taxi