Home / Հայաստան / Ծառուկյանի հետ ստվերային պայմանավորվածություն չեմ ունեցել․ Քոչարյան

Ծառուկյանի հետ ստվերային պայմանավորվածություն չեմ ունեցել․ Քոչարյան

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը չի փոխվել․ նա համարում է, որ Հայաստանի ներկա խնդիրները կապված չեն գործող Սահմանադրության հետ։ Այս մասին Քոչարյանը ասել է 2rd.am կայքի հետ զրույցում։

«Երկիրն անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը», ֊ ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահին հարցրել են ԲՀԿ֊ի շուրջ զարգացումների մասին՝ նշելով, որ մամուլում հանդիպում են տարատեսակ ասեկոսեներ, որոնցից մեկի համաձայն, Քոչարյանը սառնասրտորեն հետևել է դատաստանին և ոչինչ չի արել, որպեսզի փրկի ԲՀԿ-ն, իսկ մյուսի համաձայն, նա պարզապես չի կարողացել օգնել Ծառուկյանին։

«Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը:

Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր», ֊ պատասխանել է Քոչարյանը:

Նա նշել է, որ ԲՀԿ-ի կազմաքանդումը թեթևացրել է իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրել երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք:

Որպես դրական զարգացում նա նշել է երկու հանգամանք, որոնք «մեզնից կախված չեն»:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը:

Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները», ֊ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Tekali Taxi