2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քաղաքական գործիչ. Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է, Ամերիկան՝ ռազմավարական

Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է, Միայցյալ Նահանգները՝ ռազմավարական: Այս դրույթը Պահպանողական կուսակցության ծրագրում հաստատվել է դեռևս 2000 թվականին և կրկին շրջանառության մեջ է դրվել վերջին օրերին, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը բռնել են հաշտեցման ճանապարհը:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հաղորդման ընթացքում թեմային անդրադարձել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Իրանի և Ամերիկայի միջև հակասությունները վնասում են հայաստանյան շահերին:

- Հիմա մենք իրոք մեծ ուրախության մեջ ենք, որ մեր երկու դաշնակիցները իրար հետ լեզու են գտնում:

- Բայց կգտնե՞ն:

- Տա Աստված: Ես շատ կուզենամ՝ ելնելով իմ ազգային շահերից:

- Դու նախընտրում ես, որ մեր ռազմավարական դաշնակիցը լինեն Նահանգները, այլ ոչ թե Ռուսաստանը:

- Ռուսաստանը երբեք մեր ռազմավարական դաշնակիցը չի եղել՝ ամբողջ պատմության ընթացքում:

- Ռուսաստանի վերաբերյալ մենք անընդհատ լսում ենք, որ մեզ աջակցեցին պատերազմում, առանց Ռուսաստանի մենք կկործանվենք, զորքեր մտցրեցին երկար տարիներով: Ի վերջո, մտանք այդ Եվրասիական միություն:

- Նախ մենք չմտանք՝ մեզ մտցրեցին:

- Ո՞վ մտցրեց:

- Ռուսաստանը: Նոր ասեցիր, որ զորքեր բերեց: Դա մենք չենք խնդրել:

- Մենք ենք խնդրել:

- «Մենք» ասելով, ու՞մ նկատի ունես:

- Իշխանությունը:

- Հայաստանում, դու գիտես, իշխանությունը երբևէ ժողովուրդը չի ձևավորել, այլ ռուսական ԿԳԲ-ի թեկնածուները, որոնք իշխանություն են վերցրել մշտապես: Իշխանությունը Ռուսաստանը բռնի ուժով տվել է իր ագենտուրային, նրանք են խնդրել : Նույն ձևով Բաբրաք Քարմալը ասում էր զորք մտցրեք : Չեխիա էլ զորքեր տարան, բայց դա նշանակո՞ւմ է, որ Յան Զայիցը կամ Յան Պալախը չկային այնտեղ: Այսինքն, չեխ ժողովո՞ւրդն էր ուզում, որ ռուսական տանկերը Պրահայով ֆռֆռային:

- Չէ: Իրենք դուրս եկան ռուսական զորքերի դեմ, իսկ մենք դուրս չեկանք: Ավելին ասեմ՝ Պարույր Հայրիկյանը «կողմ» քվեարկեց ռուսական զորքերին 95-ին՝ լինելով պատգամավոր:

- Ճիշտն ասաց, չեմ հիշում:

- Ես հիշում եմ՝ դահլիճում էի նստած: Միայն մեկ հոգի «դեմ» քվեարկեց:

- Ո՞վ:

- Աշոտ Նավասարդյանը:

- Աշոտը կքվեարկեր: Աշոտը ոտից գլուխ մարդ էր և հայ էր: Բայց Պարույրին կարելի է հարցնել:

- Ես հարցրել եմ էն ժամանակ: Ինքը ասեց. «Դու քաղաքականությունից բան չես հասկանում»:

- Չգիտեմ: Համենայնդեպս կարծում եմ, մեր ժողովուրդը շատ առողջ բնազդ ունի...

հարցազրույցը ամբողջությամբ դիտեք ստորև