Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» աջակցին սպառնացել են «գողականով» մոտենալ․ հայտարարություն

«Հիմնադիր խորհրդարանի» աջակցին սպառնացել են «գողականով» մոտենալ․ հայտարարություն

Մարտի 28-ին Գյումրիում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ մեղադրվող, կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, ապրիլի 16-ի առավոտյան մոտեցել է նախաձեռնության աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր «գողականով» կմոտենան իրեն և «հաշիվ» կպահանջեն՝ իր որդու դեմ ցուցմունք տալու համար: Այս մասին ասված է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կալանավորվածի անունը Կամո Խաչատրյանն է։

«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարության մեջ ՀՀ ոստիկանությանը կոչ է անում ի գիտություն ընդունել տվյալ տեղեկությունը:

Նախաձեռնության համաձայն, Յուրա Աթոյանը մի քանի այլ աջակիցների հետ դանակահարությունից անմիջապես հետո գտնվել է Գյումրու բժշկական կենտրոնում՝ դանակահարված Հրաչիկ Միրզոյանի մոտ, և դեպքի առթիվ ցուցմունք է տվել հիվանդանոց ներկայացած ոստիկանության ներկայացուցիչներին։

«Յուրա Աթոյանի, Հիմնադիր խորհրդարանի որևէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որևէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնության դրսևորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ Ոստիկանության վրա»,- նշում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi