Home / Հայաստան / Երեխայի համար պայքարող կինը կարծում է՝ դատավորը կողմնակալ է

Երեխայի համար պայքարող կինը կարծում է՝ դատավորը կողմնակալ է

Քաղաքացի Նարինե Նիկողոսյանը (լուսանկարում) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՔԿԱԳ-ին (ԶԱԳՍ) մեղադրում է երեխային ճանաչելու մասին հայրության արձանագրությունն ապօրինի կազմելու մեջ: Այսօր վարչական դատարանում կինը բացարկ է հայտնել դատավոր Կարեն Միրզոյանին։ Epress.am-ի հետ զրույցում Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իրենց բողոքը վարույթ ընդունելուց հետո ապացույցներ են ի հայտ եկել այն մասին, որ Միրզոյանը կողմնակալ է։ Իրեն ուղղված բացարկի միջնորդությունը խորհրդակցական սենյակում քննարկելու համար Միրզոյանը հետաձգել է դատական նիստը։

Մեզ հետ զրույցում Լեռնիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Նիկողոսյանի բերած վարչական բողոքը մեկ անգամ արդեն մերժվել է առաջին ատյանի դատարանի կողմից, բայց Վերաքննիչ դատարանում այն բավարարել են և հետ ուղարկել նոր քննության։

«Առաջին ատյանի դատարանը, սակայն, անհարկի ձգձգել է գործի քննությունը, օրինակ, երրորդ անձ է ներգրավել Էդիսոն Ադյանին, ով ԶԱԳՍ-ի կողմից ճանաչվել էր նորածին երեխայի հայր։ Ադյանը, որպես երրորդ անձ, Վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որը մերժվել էր։ Այս ամենը, մեր գնահատմամբ, նպատակ էր հետապնդում գործը ձգձգել մինչև կլիներ այս նույն հարցի շուրջ քրեական գործով վճիռը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա մարտի 23-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը ուժի մեջ է թողել առանց մոր համաձայնության նրանից երեխային ապօրինի բաժանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը։

Փաստաբանի խոսքով՝ եթե Վարչական դատարանի ակտը խախտումներ բացահայտեր, դա ավելի կբարդացներ քրեական դատարանում Ադյանի օգտին վճիռ կայացնելը։

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանը պնդում է, թե Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, ծննդաբերությունից հետո բժշկի օգնությամբ առևանգել է փոքրիկին: Ադյանը, իր հերթին, պնդում է՝ Նիկողոսյանն է ասել, թե ինքն է հայրը ու փաստաթղթերում իր անունն է նշել: 

Tekali Taxi