Home / Հայաստան / Նախարարը չի կարողանում բացատրել համայնքների խոշորացման ծրագրի օգուտը․ «Հրապարակ»

Նախարարը չի կարողանում բացատրել համայնքների խոշորացման ծրագրի օգուտը․ «Հրապարակ»

Համայնքների խոշորացման ծրագրի վերջին փուլը թեև մոտեցել է եզրագծին` մայիսի 17-ին էլ մի շարք համայնքներում հանրաքվե է նշանակված, սակայն գործն ստանձնած և վերջին երկու ամիսներին մարզերում դեգերող տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե որն է համայնքների խոշորացման նպատակը, և ինչ են դրանից շահելու ժողովուրդն ու պետությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Հիմա մենք ֆինանսներ ենք կենտրոնացնում մի տեղ, ինչ է տալու դա, կարճ ասած՝ միջազգային կազմակերպություններից մեծ փողեր են գալու, ֆինանսավորում է լինելու, իսկ արդյունքները շոշափելի են լինելու մի քանի ամիս հետո, մարդիկ շոշափելու են այդ բարեփոխումները։ Սա պիլոտային ծրագիր է, գյուղն իջել է մինչև վերջ, գյուղի վիճակն այսօր շատ վատ է, հիմա մենք պիլոտային ծրագիրն անում ենք, ասում ենք՝ եկեք֊տեսեք, այս երկու մարզում կտեսնեն, որ լավ է, այս անգամ իրենք են հերթ կանգնելու, ասելու են՝ արագացրեք», ֊ ասել է Երիցյանը։

Թերթը հիշեցնում է, որ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին աննախադեպ հանրաքվե կանցկացվի՝ յուրաքանչյուր մարզում 7-8 գյուղ միավորելու հարցով։ Համայնքների խոշորացման կառավարության ներկայացրած ծրագիրն արդեն մի քանի ամիս է, ինչ սուր քննադատության է ենթարկում ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքական որոշ ուժերի կողմից։ Նրանք հասցրել են բարձրաձայնել, որ այդպիսով ժողովրդին վերջնականապես կօտարեն իշխանություններից և կառաջացնեն բազում դժվարություններ՝ սկսած տրանսպորտի, դպրոցների, վերջացրած մի տեղեկանքի համար կիլոմետրեր անցնելու խնդիրը։ Եթե այժմ յուրաքանչյուր գյուղ ընտրում է իր գյուղապետին, խոշորացման արդյունքում մի քանի համայնքներ միասնաբար են ընտրելու համայնքապետին, ով իր հերթին յուրաքանչյուր առանձին համայնքում նշանակելու է իր ներկայացուցչին, արդյունքում կրճատվելու են աշխատատեղեր, որովհետև, ասենք՝ երեքի փոխարեն արդեն գործելու է մեկ համայնքապետարան։ Իշխանության փաստարկը հետևյալն է, որ խոշոր համայնքների գոյությունը հնարավորություն կտա խնայված միջոցներն օգտագործել համայնքների զարգացման վրա։ Մինչդեռ փոքր համայնքները մտավախություն ունեն, որ այդ խոշորացման արդյունքում կշահեն մեծ համայնքները, որովհետև ընդհանուր բյուջեն կծախսվի մեծ համայնքի կարիքների համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi