Home / Տեսանյութեր / Հայաստանը և Ղրիմը․ ԵԺԿ հռչակագրի մեջ Սերժ Սարգսյանը «միակողմանի փնովում» է նկատել

Հայաստանը և Ղրիմը․ ԵԺԿ հռչակագրի մեջ Սերժ Սարգսյանը «միակողմանի փնովում» է նկատել

«Արևելյան գործընկերության» ծրագիրն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն Հայաստանը չի համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Այս մասին երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը․․․

․․․Հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը», ֊ ասել է Սարգսյանը:

Իր ելույթում Սարգսյանն անդրադարձել է նաև Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ հույս հայտնելով, որ այնտեղ «ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը»։

«Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի։ Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում», ֊ ասել է Սարգսյանը:

Թե կոնկրետ որ կետերի վերաբերյալ չի հաջողվել համաձայնության գալ, Սերժ Սարգսյանն իր ելույթում չի նշել։

Նշենք, որ հռչակագիրը, մասնավորապես, դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի տարածքում և հատկապես Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը (անեքսիան), Լուգանսկի ու Դոնեցկի տարածաշրջանների որոշ հատվածների օկուպացիան։

Դեռևս երեկ Reuters գործակալությունը գրել էր, որ հայաստանյան կողմը չի համաձայնում ստորագրել հռչակագիրը՝ «Ղրիմի անեքսիա» արտահայտության պատճառով։

Tekali Taxi