Home / Տեսանյութեր / Իրաքից եզդի փախստականներին ընդունելու հարցը Հայաստանի օրակարգում չէ․ փոխնախարար

Իրաքից եզդի փախստականներին ընդունելու հարցը Հայաստանի օրակարգում չէ․ փոխնախարար

Իրաքում իսլամիստ ծայրահեղականներից փրկվել ցանկացող եզդի ազգաբնակչությանը Հայաստանում ապաստան տալու հարցը «օրակարգում էլ չէ»: Այս մասին այսօր ԱԺ-ում Epress.am-ի հարցին ի պատասխան ասել է Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասյանը:

Հիշեցնենք, որ փախստականներին ընդունելու, ՄԱԿ-ում Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրացնելու, եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու հարցով Արտաքին գործերի նախարարություն էին դիմել 4 եզդիական կազմակերպություններ:

«Եզդիական կազմակերպություններն ինչ իրավունք ունեն դիմեն այդ հարցով: Նրանք լիազորվա՞ծ են Իրաքի եզդիական համայնքի կողմից մեզ դիմել», – հարց է բարձրացրել Մանասյանը:

Անդրադառնալով եզդի փախստականներին ԼՂՀ-ում ապաստան տալու պատրաստակամության մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը՝ Մանասյանն ասել է, որ «դա անհեթեթություն է, նման բան չի կարող լինել»:

Epress.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ֊ի նախագահ Բորիս Մուրազին ասել է, որ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժել է փախստականներին ընդունելու իրենց դիմումը:

Մանասյանը նույն կերպ հերքել է, թե Հայաստանը նպատակ ունի Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստան տեղափոխել: Նա ասել է, որ Սիրայի հետ վիզային ռեժիմը շատ է պարզեցվել, Սիրիայի հայերը կարող են ազատորեն գալ Հայաստան, սակայն «մենք չէ, որ պետք է համայնքի ճակատագիրը որոշենք»:

«Առայսօր որևէ հակահայկական բան չի եղել, եղել է հակաքրիստոնեական՝ քրիստոնեական փոքրամասնությունների դեմ ուղղված», – ասել է Մանասյանը:  

Tekali Taxi