Home / Հայաստան / ՀՔԾ-ն զոհվածների ծնողների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ քրգործ է հարուցել

ՀՔԾ-ն զոհվածների ծնողների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ քրգործ է հարուցել

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել նախագահական նստավայրի մոտ ակցիաներ անցկացնող բանակում զոհված զինծառայողների ծնողներ Իրինա Ղազարյանի և Նանա Մուրադյանի բողոքի հիման վրա։ Մայիսի 13-ին նախագահականի մոտ կայացած ակցիայի ընթացքում ոստիկանները բռնություն էին կիրառել զոհված զինվորների մայրերի նկատմամբ, ինչն էլ բողոքի առիթ էր դարձել։

Մուրադյանն ու Ղազարյանը ստացել են ՀՔԾ֊ի հատուկ կարևորության գործերի բաժնի ավագ քննիչ Թադևոսյանի գրությունը, որում ասված է. «ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու ենթադրաբար կատարված դեպքի կապակցությամբ քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)»:

Նշենք, որ դեպքը հանրային մեծ ուշադրություն էր գրավել: ԱԺ-ում խնդրի մասին բարձրաձայնել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դատապարտելով բռնությունը ու նշելով, որ նման գործողություններ իրականացրած անձիք խայտառակել են ոստիկանների պատիվը:

Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասել է, որ նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, դա կլինի անիմաստ, քանի որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն Ազգային ժողովում արդեն իսկ ի ցույց է դրել իր կողմնակալությունը և ճնշում գործադրել է ՀՔԾ-ի վրա: Կոստանյանն ասել էր, թե ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել, եթե այլ մեթոդներով չի հաջողվում կարգ հաստատել։

Tekali Taxi