Home / Տեսանյութեր / «5-6 հազար դրամով թուղթը տալիս են»․ գազալցակայաններում պայթյունների մասին

«5-6 հազար դրամով թուղթը տալիս են»․ գազալցակայաններում պայթյունների մասին

Գազալցակայաններում պայթյունների և այլ խնդիրների առաջացման թիվ մեկ պատճառը անորակ գազաբալոնների տեղադրումն է։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած դժբախտ պատահարներին:

ՀԿ֊ի ներկայացուցչի խոսքով՝ գազաբալոնները հիմնականում ժամկետանց են, փորձաքննության չեն ենթարկվում և այս ամենը վերահսկող չկա։

Զաքարյանը նշել է, որ թեև Էկոնոմիկայի նախարարությունը լիցենզավորել է 6 ընկերությունների, որոնք պետք է ոլորտում փորձաքննություն իրականացնեն, սակայն, վարորդների պնդմամբ, այդ ընկերությունների ներկայացուցիչները անգամ զարմանում են, որ իրենք պետք է բալոնը հանեն և փորձաքննեն, որից հետո միայն բալոնը փորձաքննված լինելու մասին կտրոն տրամադրեն։ Փոխարենը՝ աշխատակիցների մեծ մասն առանց փորձաքննություն անցկացնելու «5-6 հազար դրամով այդ թուղթը տրամադրում են»։

Խնդիրներից մեկը, ըստ բանախոսի, այն է, որ բոլոր բալոնների վրա գրված է առավելագույն թույլատրելի ճնշումը, սակայն գազի լիցքավորման ժամանակ գազալցակայանների աշխատակիցներն այդ թվերին չեն նայում։

«Հնարավոր է՝ առավելագույն շեմը լինի 200, բայց լիցքավորեն 250-260», ֊ ասել է Սիրանույշ Զաքարյանը։

Նա մտահոգիչ է համարել, որ տեղի ունեցած դժբախտ պատահարների համար մինչ օրս որևէ պետական չինովնիկ, պետական մարմնի որևէ ներկայացուցիչ չի պատժվել, անգամ տույժի չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում 3 գազալցակայաններում գրանվել է դժբախտ պատահար։ Մայիսի 12-ին Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել էր գազալցակայանի տանիքը:

Եվս մեկ դժբախտ պատահար տեղի էր ունեցել Գառնիի մոտակայքում գործող գազալցակայանում:

Վերջին պայթյունը գրանցվել է մայիսի 26-ին Արմավիրի մարզում։ Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյունի հետևանքով Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, նրա զարմիկը՝ նորից Արմեն Հակոբյանը, և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այրվածքներով տեղափոխվել էին Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։  

Tekali Taxi