Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին թույլ չեն տվել մեկնել Բուլղարիա

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահին թույլ չեն տվել մեկնել Բուլղարիա

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը: Այս մասին ասված է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործով Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը, նա պատշաճ կերպով պահպանել է երևույթի ձևական-իրական առումը և հրավերն ստանալուն պես դիմել է իրավապահ մարմիններին՝ հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու համար:

«Տասն օրվա ընթացքում «իրապահպան մարմիններից» հարցի լուծման վերաբերյալ պատասխան չի ստացվել, մինչդեռ նրանք պարտավոր են նման դեպքերում կամ բավարարել դիմումը կամ մերժել այն պատճառաբանված որոշմամբ: Բազմաթիվ նախադեպեր կան, երբ նշված խափանման միջոցի պայմաններում քաղաքացուն թույլատրվել է բացակայել հանրապետությունից:

Գարեգին Չուգասզյանին ելքի, իսկ դրանից առաջ՝ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանին մուտքի, թույլտվություն չտալու դեպքերը ապացուցում են, որ Հայաստանում վերականգնվել և տխրահռչակ ստալինյան մեթոդներով, այն է՝ օրենքը արհամարհելով ու ոտնահարելով, կիրառվում են այսպես կոչված «սև ցուցակները»», ֊ նշում են հաղորդագրության հեղինակները՝ հավելելով, որ Չուգասզյանը համաժողովին կմասնակցի և Հայաստանը կներկայացնի ու զեկուցումով հանդես կգա հեռավար կապի միջոցով: 

Tekali Taxi