Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը՝ «դուխով ոստիկանության», «Սերժ հոպարի» և դատախազի ցուցամատի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ «դուխով ոստիկանության», «Սերժ հոպարի» և դատախազի ցուցամատի մասին

Այսօր Ազգային Ժողովում ՀՀ դատախազության 2014թ․ գործունեության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հորդորել է պատգամավորների վրա մատ թափ չտալ ու հիշել, թե որտեղ է գտնվում։

«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, խփելով շատախոսության բոլոր հնարավոր ռեկորդները, մեզ բացատրում էր, թե ինչ քմահաճ էակ է իրավաբանությունը։ Ու չնայած այդ ընթացքում կիրառում էր կասկածելի ու շոումենին հարիր ժեստիկուլյացիա, շոուն չստացվեց, որովհետև հայ հանրությունը գիտի, թե ինչ, ժողովրդի լեզվով ասած, բեջուրա կենդանի է գևորգկոստանյանական֊աղվանհովսեփյանական իրավաբանությունը», ֊ Կոստանյանի ելույթից հետո հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ իրավաբանությունը որոշել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ու 2013թ․ հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանի սպանության վայրում չի եղել։

Փաշինյանը հիշեցրել է, որ տեղի ունեցածը տեսաձայնագրվել է մարզպետի տան մոտ տեղադրված տեսախցիկների կողմից։ Պատգամավորի խեսքով՝ 2013թ․ սեպտեմբերի 30-ին ինքը Կոստանյանին հարց էր ուղղել՝ արդյո՞ք պարզվել է, թե ով է տեսանյությում ձայն տալիս Ավետիք Բուդաղյանին, որից հետո վերջինս ստանում է մահացու վնասվածքը։

«Ով է կանչել, ով չի կանչել, էական չէ», ֊ դատախազի պատասխանն է մեջբերել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա գործի համար առանցքային նշանակություն ունի։

«Եթե պարզվի, որ կանչի հեղինակը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ ես դրանում համոզված եմ, ապա Կոստանյանի վարկածը գլխովին կջախջախվի։ Մինչդեռ Կոստանյանն ասել է, որ դա էական չէ։ Այսպես կարող է ասել մի մարդ, ով կամ կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, կամ զբաղված է քրեական գործերը կոծկողի, կեղծողի, պարտակողի պրոֆեսիոնալ գործունեությամբ»,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ Կոստանյանն առաջարկել էր գնալ Սյունիքի մարզ, մասնակցել Բուդաղյանի դատերին, որպեսզի հարցեր չծագեն։

«Ի՞նչը տեսնենք։ Որ դատարանը 5 ամիս չի՞ հայտնաբերում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Մինչ դատարանը օրական ռեժիմով ծանուցում է ուղարկում, Խաչատրյանի որդին իր «Բրաբուսը» քշում է Երևանի Մաշտոցի պողոտայի մայթերով։ Ոստիկանությունն էլ որոշում է՝ ամոթ ա, բերման ենթարկենք, տուգանային հրապարակ տանենք։ Ոստիկանությունն էլ էնքան ոգևորված էր իր համարձակությունից, որ լրատվական արտահոսք է կազմակերպել, թե՝ տեսեք՝ ինչ դուխ ունենք, Սուրիկ Խաչատրյանի որդուն ենք տարել տուգանային հրապարակ։ Մինչ ոստիկաններն էլ են զարմացել իրենց համարձակության վրա, նախագահականից Սերժ հոպարն ա զանգում, ասում՝ երեխային ու իրա բրաբուսը հանգիստ թողեք», ֊ ասել է Փաշինյանը։

Կրկին անդրադառնալով Կոստանյանի ելույթին ու կիրառած ժեստիկուլյացիային՝ պատգամավորը նրան հորդորել է հիշել, որ վերջինս գտնվում է մի վայրում, որը նշանակում է գլխավոր դատախազին։

«Տպավորություն է, որ դուք ձեզ հաշիվ չեք տալիս՝ որտեղ եք գտնվում։ Որ Սերժ Սարգսյանի մոտ զեկուցելիս եք լինում, սե՞նց եք զեկուցում։ Սա գլխավոր դատախազ նշանակող մարմին է։ Ձեր ցուցամատը ձեզ պահեք ու օգտագործեք ըստ նշանակության։ Ի՞նչ է նշանակում՝ պատգամավորը հարց տա, մատ թափ տաք։ Եթե այսպես շարունակեք, ես ձեզ խոստանում եմ, ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու», ֊ եզրափակել է պատգամավորը։

Tekali Taxi