Home / Հայաստան / Գնդեվազցիներին սպառնում են հողը ճանաչել գերակա շահ, եթե հրաժարվեն վաճառել

Գնդեվազցիներին սպառնում են հողը ճանաչել գերակա շահ, եթե հրաժարվեն վաճառել

«Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ն սկսել է Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում գյուղացիներից հողեր գնելու գործընթացը՝ ցիանային ֆաբրիկա կառուցելու և Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքաքարը շահագործելու նպատակով: Այս մասին գրում է Ecolur.org-ը, որի նկարահանող խումբը մեկնել էր Գնդեվազ: Բնապահպանների փոխանցմամբ՝ գյուղացիների մեծ մասն ասել է, որ հավանաբար, կհեռանան, քանի որ գյուղում անհնար կլինի ապրել ցիանային ֆաբրիկայի աշխատանքից առաջացած ռիսկերի պատճառով:

Գյուղացիներից մեկը՝ Սամվել Պողոսյանը, ասել է, որ ինքը հրաժարվել է հողերի վաճառքից, քանի որ իրեն առաջարկված պայմանագրով փաստացի սպառնացել են նույնիսկ իր չհամաձայնելու դեպքում հողը վերցնել ձեռքից: «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, գրված է. «Օրենքը հնարավորություն է ընձեռում անլուծելի տարաձայնությունները հաղթահարել հողամասերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու ճանապարհով»:

«Եթե այդ կարգի բան կարող է ասել կառավարությունը կամ կառավարության ղեկավարը, կառավարության ներկայացուցիչը, ինչո՞ւ մի հատ ինչ-որ կղզիաբնակ օֆշորային գոտում գրանցված կազմակերպության ենթակա Հայաստանում ստեղծված կազմակերպությունը ինձ վախեցնում է, որ գերակա շահ կճանաչեն: Ասեցի՝ էդ ո՞վ ա գերակա շահ ճանաչողը, ասեց՝ կառավարությունը, ասեցի՝ էդ թուղթը տուր՝ ես ստորագրում եմ… »,- ասել է Սամվել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ 2014 թվականին «Գեոթիմ» ընկերությունը բնակիչներին ներկայացրեց պայմաններ, որոնցով մտադիր է գնել հողերը: Հիմնականում տարածքները զբաղեցված են մրգատու այգիներով և անասունների համար նախատեսված խոտով: Յուրաքանչյուր առանձին դեպքում գնահատվել է տարածքի չափը, մրգատու ծառերի տարիքը կամ ապագա բերքի արժեքը:

Tekali Taxi