Home / Հայաստան / ՀՀԿ֊ականը որպես նախկին լրագրող բացատրել է՝ ինչու է լավ վարկ վերցնելը

ՀՀԿ֊ականը որպես նախկին լրագրող բացատրել է՝ ինչու է լավ վարկ վերցնելը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ-ում պաշտպանել է Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ստորագրված ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ վերցնել: Ծրագրով պետությունը պետք է սոցիալական ներդրումներ անի և տեղական զարգացման ծրագրեր իրականացնի։

«Ես ուզում եմ բառարանային ճշմարտություն հիշեցնել «վարկ» բառի մասին: Վարկը ոչ միայն թվերն են, ոչ միայն գումարն է, ոչ միայն թվաբանությունն է: «Վարկ» բառի բառարանային բացատրությունը նաև մարդու վարկն է, մարդու հեղինակության մասին է, քաղաքական ուժի հեղինակության մասին է»,-ասել է Մարգարիտ Եսայանը:

Նա նշել է, որ այս վարկային նախագծի մասին ինքը քաջատեղյակ է, քանի որ շատ է լուսաբանել նախագիծը որպես լրագրող (Եսայանը ԱԺ պատգամավոր է դարձել 2012 թվականին֊խմբ․)։

«Համաշխարհային բանկը կոնկրետ պայմաններ էր դրել և շատ խստապահանջ էր: Ուզում էի ասել՝ հիմնական առանցքն այս վարկի այն է, որ Հայաստանի Հանրապետությունը Բանկի կողմից դիտվում է վարկունակ, վստահելի գործընկեր, մի երկիր, որը զարգացման ճանապարհով է գնում: Այն հիմնադրամը, որ այս գումարները տնօրինելու է, վստահաբար ծախսում է մինչև վերջին կոպեկը նպատակային: Իհարկե, ինձ համար հասկանալի է, մենք պետք է ելույթներ ունենանք, կասկածանքներ հայտնենք այս կամ այն վարկի վերաբերյալ, սա նույնպես բնական է, լավ օրից չի գալիս, որովհետև մենք ունենք փաստեր, որ որոշ վարկեր այնպես չեն ծախսվում, ինչպես որ հարկն է», ֊ ասել է Եսայանը:

Եսայանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Սենց ջերմ ելույթներ որ նախապատրաստված ունենաք, կարծում եմ՝ բոլոր վարկերը գրանտեր կդառնան»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ քննադատել են «Պետական պարտքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն է տալիս պետությանը լրացուցիչ վարկեր ներգրավել։

Այսօր այդ նախագիծն ընդունվել է. դրան կողմ են քվեարկել միայն ՀՀԿ֊ական պատգամավորները։  

Tekali Taxi