Home / Հայաստան / Նախաձեռնող հանրությունը վախեցնում է Հարավային Կովկասի էլիտաներին

Նախաձեռնող հանրությունը վախեցնում է Հարավային Կովկասի էլիտաներին

Քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրներում խուսափում է քաղաքացիական նախաձեռնություններից։ Դրանք իշխող վերնախավի մոտ անվստահություն ու վախ են առաջացնում։ Վրաստանում այդպես է եղել միշտ։ Ելույթ ունենալով «Վրաստանի փորձը հայ֊ադրբեջանական հակամարտության փոխակերպման մեջ» թեմայով քննարկմանը՝ նման կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն։ Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ գտնվող ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում, մասնակցել են Հարավային Կովկասի բնակիչներ, ինչպես նաև՝ տարածաշրջանի հյուրեր։

Որպես օրինակ՝ Արաշիձեն վկայակոչել է Վրաստանի ղեկավարության վերաբերմունքը քաղաքացիական հասարակության՝ վրաց֊աբխազական և վրաց֊հարավօսեթական հակամարտությունների կարգավորման հարցերում ունեցած ձեռքբերումներին ու փորձին։

֊ Զավեշտալի է, որ մարդիկ, որոնք այժմ պետական մակարդակով զբաղվում են հակամարտություններով, դեռ մեկ տարի առաջ իրենք էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրենք էին ասում այն, ինչ այսօր ասում եմ ես։ Այժմ նրանք արդեն պետական կառույցներում են ու վախենում են ելույթներից, որոնք իրենք էին հնչեցնում մեկ տարի առաջ։

Երբ նրանց հարցնում ես՝ ինչու է դա տեղի ունենում, նրանք ասում են, որ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ քաղաքական կոնյուկտուրա, աշխարհաքաղաքականություն։ Երբ այդ մարդիկ ներկայացնում էին քաղաքացիական հասարակությունը, շատ բան, հատկապես աշխարհաքաղաքականությունը, հաշվի չէին առնում։ Ու հիմա ես այդ խոսքերին չեմ հավատում, դրանք անկեղծ չեն, բայց այդպիսինն է իրավիճակը։ Եվ հաճախ հենց դա էլ մեզ վանում է միմյանցից։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կովկասյան հասարակական կազմակերպությունները, կովկասյան [երկրների] հանրությունն ավելի նախաձեռնող է, քան՝ կովկասյան քաղաքականությունն ու երկրները։ Այդ նախաձեռնության պակասը, հույսը Բրյուսելի, Վաշինգտոնի, Մոսկվայի ընկերների վրա դնելը խանգարում է իրավիճակի կառուցողական զարգացմանը, որոշումների կայացմանը։ Որպես երկար տարիներ քաղաքականությամբ զբաղվող մարդ՝ կարող եմ ասել, որ խոշոր խաղորդները Հարավային Կովկասում իրենց շահերն ունեն, և դա օբյեկտիվ իրականությունն է։ Դա, սակայն, չի նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունից ու անգամ քաղաքական շրջանակներից եկող նախաձեռնությունները չպետք է ուշադրության արժանանան, կամ՝ չեն բխում պետության շահերից։

Tekali Taxi