00:15 Մեծամասնությունը որոշում կայացրեց գիշերն անցկացնել Բաղրամյան պողոտայում։ Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ իրենց շարքերում կան քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկաններ, որոնք սադրանքների են դիմում ու առաջարկեց նստել գետնին։ Կանանցից մեկը հայտարարեց, որ իրենք չպետք է հեռանան, քանի որ «ավելի լավ է ջրցան մեքենաների կողմից ջրվեն, քան կոտրված գնան»։
00:00 Նստացույցի մասնակիցներից մի քանիսն առաջարկում են վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն մարդկանց հիմնական մասն ընդդիմանում է այդ առաջարկին։ Այժմ երթի մասնակիցները վիճաբանում են խնդրի շուրջ։ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր առաջարկում են մնալ, գնում են անօրինական ճանապարհով և արժանացավ սուլոցների։
23:40 Էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները շարունակում են իրենց նստացույցը Բաղրամյան պողոտայում։ Ոստիկանական ուժերը պատ կազմած կանգնած են ցուցարարների դեմ։
22:25 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունն «ամեն ինչ անելու է, որպեսզի հաստատի հասարակական կարգը»։ Նա նշել է, որ 23։00-ից հետո սկսվում է լռության ժամը, ցուցարարները իրավունք չունեն աղմկել։ Չնայած դրան, Օսպիյանն ընդունել է, որ նստացույցը խաղաղ բնույթ է կրում։ Էլէներգիայի դեմ պայքարող հազարավոր մարդիկ դեռևս շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ու առայժմ չեն պատրաստվում ցրվել։
21:15 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին փորձեց բանակցել մարդկանց հետ, սակայն նրան չլսեցին։ Հավաքվածները նշում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քննարկման հրավերը չեն ընդունի, և կհեռանան այն ժամանակ, երբ որոշում կկայացվի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտան փակ է մինչև Պռոշյան փողոցի խաչմերուկ, նախագահական նստավայրի մոտ էլ մեծ թվով ոստիկաններ կան։
20։37 Մարդիկ շարունակում են կանգնած կամ նստած մնալ ոստիկանական պատի առջև։ Քաղաքացիական հագուստով անձիք սկսել եմ մտնել մարդկանց շարքերը։ Նրանցից մեկը, ով Epress.am֊ի լրագրողի փոխանցմամբ, նախորդ ակցիաներից մեկի ժամանակ եղել է ոստիկանների շարքում, մի քանի անգամ մոտեցավ համազգեստավոր ոստիկաններին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց նրանց հասցեին՝ իբր նա երթի մասնակիցներից է։
Ոստիկանները ցանկանում են գործողություններ սկսել հավաքվածների դեմ և խնդրում են լրագրողներին հեռանալ։ Առաջին շարքերում կանգնած երթի մասնակիցները մարդկանց զգուշացնում են, որպեսզի վերջիններս ոստիկանների սադրանքների չտրվեն։
20:05 Մարդկանց և զինված ոստիկանների միջև մոտ 30 մետր տարածություն կա։ Այդ հատվածում կանգնած են քաղաքացիական հագուստով անձիք, որոնք անթաքույց և ցուցադրաբար տեսանկարահանում են մարդկանց, ցուցումներ են ստանում ոստիկաններից։
Երբ լրագրողները Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին հարցրել են՝ ինչու են Բաղրամյան պողոտա եկել քաղաքացիական հագուստով ոստիկանները, նա պատասխանել է․ «Կներեք, որ ես չեմ զեկուցում՝ ինչպես եմ կատարում իմ գործառույթները»։
19։54 Բաղրամյան պողոտա է եկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Երթի մասնակիցների հետ զրույցում նա նույնպես առաջարկում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Նա առաջարկում է 3 հոգանոց խմբի անդամներին ուղեկցել նախագահական, որտեղ նրանք կներկայացնեն իրենց պահանջները։
«Ձեզ ընդունում ա երկրի նախագահը, էլ ի՞նչ եք ուզում», ֊ ասել է Կարապետյանը։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պատասխանել է, որ իրենք ունեն պահանջ՝ նվազեցնել էլէնեգիայի սակագինը, և այդ առումով քննարկելու ոչինչ չունեն։
Երթի մասնակից հազարավոր մարդիկ սկսեցին նստել գետնին։
19:50 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցների հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել ցուցարարներից 3֊ին կամ 4-ին։ Երթի մասնակիցները չեն համաձայնում։
19:35 Ազատության հրապարակից երթը մեկնարկել է։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորել է հավաքվածներ չգնալ դեպի Բաղրամյան 26, սակայն մարդիկ շարժվում են նախագահական նստավայրի ուղղությամբ։ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել, որ ոստիկանական ուժերը թույլատրվածի սահմաններում կպահպանեն հասարակական կարգը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու են մեծ թվով ոստիկանական ուժեր կենտրոնացել Բարղամյան պողոտայում, Օսիպյանն ասել է․ «Ինչո՞ւ եք վախենում ջրցան մեքենաներից, ես չեմ հասկանում»։ Երթի մասնակիցները դեռ չեն հասել Բաղրամյան պողոտայի սկզբնահատված, բայց այնտեղ արդեն իսկ 4 շարքով պատ կազմած զինված ոստիկաններ են կանգնած, որոնց թիկունքում ջրցան մեքենաներ են։ «Հրեշտակների» գնդի ոստիկանները փաքնվել են զինված ոստիկանների թիկունքում։ Ոստիկանների պատին հասած մարդիկ սկսել են վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան», «Ոստիկան, միացիր»։
19։10 Դեպի Ազատության հրապարակ ընթացող մարդկային հոսքը մեծանում է։ Ինչպես հայտնում է Epress.am֊ի լրագրողը, հրապարկի հարակից տարածքներում հարյուրավոր ոստիկաններ են հավաքված և նրանց հետ զրուցող ու նրանցից հրահանգներ ստացող քաղաքացիական հագուստով անձիք։ Տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանները միտումնավոր ուժի ցուցադրություն են կազմակերպել՝ քաղաքի կենտրոն բերելով մեծ թվով տեխնիկա և անձնակազմ։
Մեր լրագրողը լսել է, թե ինչպես են Ազատության հրապարակում հավաքված մարդիկ քննարկում ոստիկանների գործողությունները՝ նշելով, որ այս ամենը բնորոշ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցամոլությանը։
Հավաքին ներկաներից մի երիտասարդ ասել է, որ կենտրոնում կուտակվող տեխնիկան համաչափ չէ ստեղծված իրավիճակին, որ դա ոստիկանապետի կողմից ակնհայտորեն արվում է «մուսկուլների խաղը» ցույց տալու համար։ Epress.am֊ի թղթակիցը նաև ականատես է եղել, թե ինչպես քաղաքացիներից մեկը Ազատության հրապարակին հարող Սարյանի պուրակում հավաքված ոստիկաններին հարցրել է․ «Էդ մե՞զ եք ծեծելու։ Դուք չե՞ք ուզում հոսանքն էժան լինի», ինչին ոստիկաններից մեկը պատասխանել է․ «Խի ով ա ասել որ թանկանալու ա»։
19։00 Էլէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր 19։00֊ին Ազատության հրապարակում հավաք է կազմակերպում։ Նախաձեռնության անդամները նախատեսում են երթ կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26։ Այս մասին նրանք հայտարարել էին դեռևս ուրբաթ կայացած հավաքի ժամանակ, որից հետո հրապարակում եռօրյա նստացույց էր անցկացվել։
Այսօր ցերեկվանից Երևանի կենտրոնում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ակադեմիայի բակում ոստիկաններ ու տեխնիկա է կուտակված, դեպի քաղաքի կենտրոն են բերվել ջրցան մեքենաներ, փշալարեր և զրահամեքենաներ։
Հիշեցնենք, որ էլէներգիայի 1 կիլովատի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հունիսի 17-ին բարձրացել է 6.93 դրամով։