Home / Հայաստան / Նստացույցի մասնակիցները բաժնից դուրս գալով պատմել են՝ ինչպես էին իրենց բերման ենթարկում

Նստացույցի մասնակիցները բաժնից դուրս գալով պատմել են՝ ինչպես էին իրենց բերման ենթարկում

Այսօր 15։00-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնի բաժնից սկսել են ազատ արձակել առավոտյան Երևանի կենտրոնում էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի ծեծված ու բերման ենթարկված մասնակիցներին:

Առաջիններից մեկը բաժնից բաց են թողել Սվետլանա Ավագյանին (լուսանկարում), ով Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը ոչ մի կուսակցության կամ քաղաքացիական խմբի մասնակից չէ, այլ պարզապես դուրս էր եկել փողոց էլէներգիայի գնի բարձրացման պատճառով։

Ավագյանը նստացուցավորների առաջին շարքերում է եղել, բերման է ենթարկվել ընկերների հետ միասին քաղաքացիական հագուստով և սև դիմակներ կրող ոստիկանների կողմից:

«Մեզ մտցրեցին մեքենաները, շատ կոպիտ ձևով, ուժ կիրառելով, հայհոյելով: Ընկերներիս մի մասին էլ այլ բաժիններ են տարել», – ասել է Ավագյանը: Նա նշել է, որ արդեն բաժնում իրենց դադարել են կոպիտ վերաբերվել, իրենց հարցաքննել են որպես վկա։

Ավագյանի խոսքով՝ Կենտրոնի բաժնում կար բերման ենթարկված 2 անչափահաս, և հաշմանդամություն ունեցող մեկ անձ:

Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ է արձակվել նաև «Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանը, ով ասել է, որ բերման ենթարկելուց ոստիկաններն իրեն ոտքերով հարվածներ են հասցրել:

«Մեր հեռախոսները վերցրեցին, թույլ չտվեցին զանգահարել հարազատներին»,- ասել է Գևորգյանը:

Կենտրոնի բաժնից ազատ արձակված Անտոն Իվչենկոն նույնպես նշել է, որ իրեն որպես վկա են հարցաքննել։ Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն են գործադրել՝ վնասելով են աջ ձեռքը։ Կենտրոնի բաժնից Իվչենկոյին տարել հիվանդանոց՝ հետազոտման, ապա հետ են բերել բաժին։  

Tekali Taxi