Home / Հայաստան / Կառավարությունը չի ասում՝ որտեղից է գումար գտնելու Սերժ Սարգսյանի խոստումը կատարելու համար․ «ՀԺ»

Կառավարությունը չի ասում՝ որտեղից է գումար գտնելու Սերժ Սարգսյանի խոստումը կատարելու համար․ «ՀԺ»

Արդեն 6 օր է անցել Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից, որով նա կարծես թե մասամբ ընդունել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողների որոշ պահանջներ։ Սակայն երեկվա դրությամբ կառավարությունն իր հետագա անելիքների առումով լիակատար անորոշության մեջ է։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե սակագնի բարձրացումը ժամանակավորապես կհետաձգվի, մինչև աուդիտ արվի ՀԷՑ֊ում, իսկ մինչև աուդիտի եզրակացությունը՝ ՀԷՑ֊ում առաջացած ճեղքը փակելու պարտականությունը կվերցնի կառավարությունը։ Այլ կերպ ասած՝ այդ գումարը պետք է վճարի կառավարությունը։ Ի՞նչ միջոցներից։ Արդեն երկու օր է՝ լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից փորձում են պարզել, թե որտեղից է այդ գումարը վերցվելու։

«Ոչ պետական բյուջեից», ֊ ասում է վարչապետն ու ավելացնում՝ արտաբյուջետային միջոցներից։

Այսինքն՝ փորձում է համոզել, որ այդ գումարը հարկատուները չեն վճարելու։ Հայկ Գևորգյանը գրում է, որ որևէ պետական գերատեսչության արտաբյուջետային բոլոր միջոցները, ըստ էության, նույնպես բյուջետային միջոցներ են։ Դրանք այլ նպատակով չծախսվելու դեպքում ներառվում են պետբյուջեի մեջ։

«Նույնիսկ եթե կենտրոնական բանկը փողի էմիսիա անի կամ, պարզ լեզվով ասած, «փող տպի», դա նույնպես հետագայում դրվելու է հարկատուների ուսերին, օրինակ՝ արժեզրկված դրամի տեսքով», ֊ նշում է հոդվածագիրը։

Հայաստանցի հարկատուներին այդ բեռից ազատելու տարբերակները շատ չեն։ Տարբերակներից մեկն ան է, որ որևէ երկիր կամ ֆինանսական կառույց այդ գումարը տա որպես դրամաշնորհ, ինչը, կարելի է ասել, բացառված է։ Մյուս տարերակն այն է, որ այդ գումարը վճարի ՀԷՑ֊ի սեփականատերը՝ ռուսաստանյան «ԻՆՏԵՐ֊ՌԱՕ»-ն, եթե ընդունի, որ ճեղքվածքն առաջացել է իր ապաշնորհ կառավարման հետևանքով։ Սակայն երեկ «ԻՆՏԵՐ֊ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջ մեղքը բարդել է ՀՀ իշխանությունների վրա։

«Ամենաուշագրավն այն է, որ ո՛չ «ԻՆՏԵՐ֊ՌԱՕ»֊ն, ո՛չ էլ կառավարությունն այս ընթացքում ՀԷՑ֊ի բարեփոխման որևէ առաջարկ չեն ձևակերպել», ֊ նշում է հոդվածագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi