Home / Հայաստան / «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ դատավարությունը ձգձգվում է․ քաղաքացին դիմել է Սերժ Սարգսյանին

«Գազպրոմ Արմենիա»-ի դեմ դատավարությունը ձգձգվում է․ քաղաքացին դիմել է Սերժ Սարգսյանին

Արարատի մարզի Այնթափ համայնքի բնակիչ Արտակ Պետրոսյանը 2013 թ. մայիսի 16-ի գիշերը տեղի ունեցած գազային խողովակի պայթյունից հետո մնացել է երկրորդ կարգի հաշմանդամ,  այրվել է նրան պատկանող տունը: Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը դիմել է դատարան՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից 39 միլիոն դրամ բարոյական և նյութական փոխհատուցման պահանջով, սակայն դատարանը արդեն մեկ տարի է՝ ձգձգում է դատավարությունը:  Քաղաքացիական հայցը գտնվում է Մասիսի դատարանում ՝ Թաթուլ Պողոսյանի վարույթում:  

«Ես ամեն հինգշաբթի բողոքի ակցիաներ եմ անցկացնում  Կառավարության շենքի դիմաց: Նախագահական նստավայր եմ դիմել ավելի քան 10 անգամ, կարող եմ թերթիկները ցույց տալ: Հիմա էլ բաց  նամակ եմ գրել նախագահին և վարչապետին»,- ասել է Արտակ  Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դատական փորձաքննություններով հաստատվել է, որ իրենց տան մոտ կառուցված գազատարը չափորոշիչներին համապատասխան չի կառուցվել:  

Մինչ պայթյունը և՛  Պետրոսյանը, և՛ նրա հարևանը, պարբերաբար գազի հոտ զգալով, դիմել են գազի վարչություն, ժամանած աշխատակիցները խոստացել են գործիքներով վերադառնալ և ստուգել գազատարը, այդպես էլ չեն վերադարձել մինչև վթարը:

«Դեպքից 4 ամիս հետո հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են մի շարք փորձաքնություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ տվյալ գազատարը եղել է նախագծի շեղումներով: Ապացուցվել է նաև, որ գազատարը քաշվել է բազմաթիվ խախումներով, ինչն էլ դեպքի պատճառ է դարձել: Արտաշատի ԳԳՄ-ի պաշտոնատար անձինք այս խաղտումներով քաշված ստորգետնյա պոլիէթիլենային խողովակը ընդունել են «լավ» նահատականով: Այս մարդկանց դիմումի համաձայն՝ քննիչը վաղեմության ժամկետ է կիրառել՝ ազատելով նրանց քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ նրանք ունեն 10-20 տարվա փորձ և լավ էլ իմացել են, որ նման խախտումներով քաշված խողովակը ուշ թե շուտ վնասելու է մարդկանց: Այժմ 2 տարին լրացել է, մենք մինչև հիմա ապրում ենք վարձով»,- ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում  գրել է Պետրոսյանը:

 
Tekali Taxi