Home / Հայաստան / Հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կարող է «լողացող» լինել․ «ՀԺ»

Հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կարող է «լողացող» լինել․ «ՀԺ»

Սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում հաջորդ խորհրդարանը ոչ թե 131 պատգամավոր է ունենալու, այլ՝ 101-131։ Այսինքն՝ պատգամավորների որևէ հստակ թիվ չի ֆիքսվելու ոչ փոխվելիք սահմանադրության մեջ, ոչ էլ փոխվելիք «Ընտրական օրենսգրքում», պատգամավորների քանակը, այսպես ասած, լողացող է լինելու։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ եթե ընտրությունների առաջին փուլում որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չհավաքի, առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերն անցնում են երկրորդ փուլ, և նրանք կարող են մինչև այդ փուլի ընտրությունն այլ ուժերի հետ դաշինքներ ստեղծել և այդ դաշինքով մասնակցել։

«Եթե, օրինակ, ՀՀԿ֊ն ու «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել են ամենաշատ ձայները և անցել 2-րդ փուլ, անցողիկ շեմը հաղթահարած 6, 7, 8 քաղաքական ուժ կարող է առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերի հետ նախընտրական դաշինքներ ձևավորել։ Այս դաշինքներից երկրորդ փուլում մեծամասնություն ստացածը ձևավորում է կառավարությունը», ֊ ասել է Սահակյանը։

Ինչ վերաբերում է պատգամավորների թվին, ապա, Սահակյանի խոսքով, թվերը լողացող կլինեն՝ 101 պատգամավորից մինչև 131։

«Եթե մինչև երկրորդ փուլը որևէ ուժ ստացել է 20%, նրա ձայները հո չե՞ն կորչելու, դրա համար այդ լողացող տարբերակն ենք անելու։ Բայց հստակ դեռ ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ քննարկումների փուլում է, և երբ վերջնական պատրաստ լինի, մասնագիտական հանձնաժողովը կհրապարակի», ֊ եզրափակել է Սահակյանը։ 

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի օրը պաշտոնապես դեռ հայտարարված չէ։ Խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Սահմանադրության փոփոխությանն ընդդիմանում է «Հայ ազգային կոնգրեսը», որը հայտարարել է՝ պատրաստվում է հանրաքվեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերածել։

 
Tekali Taxi