Գլխավոր / Հայաստան / Քրիստինե Խանումյանին ներգրավել են որպես մեղադրյալ․ iLur.am֊ը դիմել է ՄԻԵԴ

Քրիստինե Խանումյանին ներգրավել են որպես մեղադրյալ․ iLur.am֊ը դիմել է ՄԻԵԴ

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հոդվածով հարուցված քրեական գործով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (iLur.am) տնօրեն, լրագրող Քրիստինե Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, գրում է iԼur.am-ը: 

Լրատվամիջոցը հրաժարվել էր կատարել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը, բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, պարտավորեցրել է iLur.am-ին և «Հրապարակ» օրաթեթրին բացահայտել հրապարակված տեղեկատվության աղբյուրը: Խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը, որի մասին տեղեկացրել էր iLur.am-ը՝ նշելով, որ բռնության հեղինակը Շիրակի վարչության արդեն նախկին պետ Վարդան Նադարյանն էր, որն այժմ ազատված է աշխատանքից (դեպքի հետ առնչություն չունեցող պատճառներով):

«Այս գործով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (iLur.am) տնօրեն Քրիստինե Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն պարագայում, երբ դատարանի որոշումը վերաբերում է «իլուր.էյէմ» ոչ իրավաբանական անձին: Փաստացի` իրավապահները շարունակում են տեղի չտալ և գործը վերջնականապես կոծկելու համար ոչ թե իրենց բոլոր ռեսուրսները ներդնում են հանցագործությունը բացահայտելու համար, այլ ցանկանում են միայն իմանալ, թե ով է մեր կայքին ինֆորմացիա տրամադրած աղբյուրը»,- գրում է iLur.am-ը:

Կայքը նշում է, որ չի պատրաստվում բացահատել աղբյուրը և դատարանի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին որոշումը արդեն իսկ բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: