Home / Տեսանյութեր / «Նույնիսկ նախագահին լիազորությունների ժամկետից հետո չի կարող անձեռնմելիխություն շնորհվել»

«Նույնիսկ նախագահին լիազորությունների ժամկետից հետո չի կարող անձեռնմելիխություն շնորհվել»

ՀՀ գլխավոր դատախազին չի կարող անձեռնմխելիություն շնորհվել նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով սահմանադրական փոփոխություննրի շրջանակում առաջարկվող դրույթը, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին պետք է անձեռնմխելիություն տրվի թե իր պաշտոնավարման ժամանակ, թե լիազորությունների ավարտից հետո։ Նման մտահղացման մասին, հղում անելով իր աղբյուրներին, շաբաթ օրը գրել էր pastinfo.am-ը:

«Դժվար չէ նկատել, որ սահմանադրական բարեփոխումների նախագծով փորձ է արվում Գլխավոր դատախազի անձեռնմխելիությունը համահավասարեցնել ՀՀ նախագահի անձեռնմխելիության մակարդակի հետ: Առաջարկությունը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, որը քննարկման է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը»,- նշել էր կայքը:

Բաղդասարյանը նկատել է, որ գործող Սահմանադրությամբ անձեռնմխելիություն է տրվում միայն ԱԺ պատգամավորներին և դատավորներին, այն էլ՝ իրենց պաշտոնավարման ընթացքում: Մեծ առավելութուններ է տրվում նաև ՀՀ Նախագահին՝ գործող Նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով թոշակ, բնակարան, գրասենյակ, 6 հոգանոց թիկնազոր, տարեկան 2 անգամ արտերկիր մեկնելու հնարավորություն: Փաստաբանի խոսքով՝ դատախազն, անձեռնմխելիություն ունենալով, ցանկանում է ավելի ազատ լինել իր գործողություններում, սահմանափակվել միայն օրենքով, սակայն «ամեն անձեռնմխելություն հնարավոր ապստամբություն է պարունակում իր մեջ»:

«Եթե մեկն իրեն վեր է դասում ժողովրդից, ապա չի բացառվում, որ գտնվեն մարդիկ, ովքեր նրա հետ այլ եղանակներով հաշվեհարդար տեսնեն: Մարդ միշտ պետք է պատասխանատու լինի իր (թեկուզ նախկինում) կատարած արարքների համար»,- ասել է Բաղդասարյանը:

Փաստաբանը նշել է, որ նույնիսկ երկրի ղեկավարին անձեռնմելիխությունը չի կարող շնորհվել լիազորությունների ժամկետից հետո:

«Եթե այդպես լիներ, ապա Մուբարաքը, Բերլուսկոնին, էլ չեմ ասում՝ Քադաֆին, չէին կարող պատասխանատվության ենթարկվել», – ասել է Բաղդասարյանը: